Պենտագոնի նախկին աշխատակիցը գաղտնի տվյալներ է փոխանցել իր չինացի սիրուհուն

ԱՄՆ պաշտպանության նախարարության նախկին աշխատակից Բենջամին Բիշոփը խոստովանել է, որ ռազմական հույժ գաղտնի նշանակության փաստաթղթեր է փոխանցել իր չինացի սիրուհուն։

Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, Բիշոփի փաստաբանը հաղորդել է, որ վերջինս որոշել է գործարքի գնալ հետաքննության հետ։ Նա խոստովանում է, որ օրենքի սահմաններից դուրս մուտք է ունեցել ՊՆ գաղտնի փաստաթղթերին ու ծրագրերին և դրանք ինքնակամ փոխանցել է ոչ իրավասու անձի։

Դատախազությունն էլ իր հերթին կամ նվազեցնելու է, կամ մեղմացնելու է սպասվելիք 20 տարի ազատազրկումը, որը նախատեսված է օրենքով։

Հիշեցնենք, որ 59-ամյա Բիշոփը աշխատել է Պենտագոնին պատկանող ընկերություններից մեկում։ 2013-ի մարտին նրան ձերբակալել են ԱՄՆ բանակի խաղաղօվկիանոսյան հրամանատարության շտաբ-գրասենյակում։

Հայտնի է միայն, որ չինացի աղջիկը, ում հետ Բիշոփը հանդիպել է 2011-ի ամռանից, 27 տարեկան է։ Նա ամերիկացի զինվորականից ստացել է միջուկային զենքին, հակառակորդի բալիստիկ հրթիռների հայտնաբերման, հատուկ ազդարարման համակարգին վերաբերող փաստաթղթեր։ Չի հստակեցվում, թե ընդհանուր առմամբ քանի փաստաթուղթ է, պարզ չէ նաև, թե չինացի աղջիկն ով է, ինչով է զբաղվում և ինչ նպատակներով է վերցրել փաստաթղթերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *