Ադրբեջանում սպասվում է պահեստազորի համապետական մոբիլիզացիա

Ադրբեջանում ճշտումներ են կատարվում պահեստային ուժերի կրտսեր սպաների ցուցակներում։ Այս գործընթացին թերևս հաջորդելու է պահեստային ուժերի մոբլիզացիա։

Համաձայն ադրբեջանական լրատվամիջոցների տվյալների՝ պահեստային ուժերի կրտսեր սպաներին կանչում են զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության շրջանային զինկոմիսարիատներ, ճշտումներ են կատարվում նրանց փաստաթղթերում, նրանց վերագրանցում են, կատարում են վերահաշվարկ։

Ըստ ոչ պաշտոնական աղբյուրների՝ բոլոր ցուցակների ճշտգրտումներից հետո Ադրբեջանի ռազմականացված գերատեսչությունները՝ պաշտպանության նախարարությունը, զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայությունը, պետական սահմանապահ ծառայությունը, ներքին զորքերը, պահեստային ուժերի համապետական մակարդակի հավաք են անելու։

Նրանց ոտքի են հանելու ուսումնական տագնապի ազդանշանով, որից հետո էլ պահեստային ուժերի զինծառայողները պարտավորվելու են պահանջված ձևով ու պահանջված ժամին ներկայանալ զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայության՝ իրենց գրանցման վայրին համապատասխանող զինկոմիսարիատներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *