Լիբիայի խորհրդարանի պատգամավորները մարտի 11-ին անվստահություն են հայտնել երկրի վարչապետ Ալի Զեյդանի նկատմամբ։ Պատճառը հյուսիսկորեական Morning Glory տանկերի միջադեպն է, երբ Լիբիայի ռազմածովային ուժերի նավերը, չնայած որ շրջափակել էին այն, տանկերին հաջողվել էր լքել լիբիական Էս-Սիդեր նավահանգիստը։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» գործակալությունը, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող Աբդալա ալ-Թանին, որն էլ արդեն իսկ ստանձնել է պաշտոնից բխող իրավասությունները։
Ակնկալվում է, որ Լիբիայի խորհրդարանը նոր վարչապետ կընտրի առաջիկա երկու շաբաթների ընթացքում։
Նկատենք, որ Զեյդանի՝ վարչապետի պաշտոնից հեռացումից հետո նրան անմիջապես մեղադրանքներ են ներկայացրել մեծ չափերի կաշառակերության հոդվածով։ Նրան արգելված է հետաքննության ընթացքում լքել երկիրը։
Հիշեցնենք, որ մարտի 8-ին հյուսիսկորեական Morning Glory տանկերի անձնակազմին հաջողվել էր նավթ գնել լիբիական Էս-Սիդեր նավահանգստում, որը լիբիացի զինյալերի վերահսկողության ներքո է։ Լիբիայի իշխանությունները շտապել էին հայտարարել, որ ռազմածովային ուժերի նավերն արգելակելու են հյուսիսկորեական տանկերի շարժը և հարկադրելու են, որպեսզի այն կայանի իշխանությունների հսկողության նավահանգիստներից մեկում։ Իրենց հրահանգները չկատարելու դեպքում ռազմանավերից կրակ էր արձակվելու տանկերի ուղղությամբ։
Այնուհանդերձ, մարտի 11-ի գիշերն չբացահայտված հանգամանքներում Morning Glory-ն անարգել դուրս էր եկել Էս-Սիդերից և շարժվել անհայտ ուղղությամբ։
Լիբիայի ՌԾՈւ հրամանատարությունը բացատրել էր միջադեպը՝ որպես պատճառ ներկայացնելով եղանակային վատ պայմանները, որոնց հետևանքով էլ լիբիական ռազմանավերը չեն կարողացել կանխարգելել հյուսիսկորեական տանկերի ելքը։
Նշենք, որ միջադեպի պատճառով ՊՆ կամ ՌԾՈւ՝ պատժված կամ հեռացված ղեկավար անձանց մասին որևէ տեղ չի հաղորդվել։