Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Ադրբեջանի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Շահին Աշրաֆ օղլու Սուլթանովը մարտի 11-ին հեռացվել է պաշտոնից:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, համաձայն ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալության տվյալների, հաստատել է տեղեկությունը՝ հավելելով, որ Սուլթանովի պաշտոնը ժամանակավորապես զբաղեցնելու է Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատարի տեղակալ, ՌԾՈւ շտաբի պետ, առաջին կարգի կապիտան Յունուս Մամեդովը:
Նկատենք, որ դեռևս մարտի 6-ին հայտնի էր դարձել՝ 2013-ի հոկտեմբերի 22-ից որպես Ադրբեջանի պաշտպանության նախարար պաշտոնավարողԶաքիր Հասանովը «մաքրում է» ռազմածովային ուժերը նախկին նախարար Սաֆար Աբիևի մտերիմ բարձրաստիճան զինվորականներից:
Հարկ է նշել, որ նույն ինքը՝ Շահին Սուլթանովը ևս Սաֆար Աբիևի կադրերից էր համարվում: Նա ավարտել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի ակադեմիայի նավիգացիայի բաժինը, 1999-ին նշանակվել է ՌԾՈւ հրամանատար, 2002-ին նրան շնորհվել է կոնտրծովակալի, իսկ 2005-ին՝ փոխծովակալի կոչում: Նրան են վերագրում Ադրբեջանական ՌԾՈւ սերտ համագործակցության հաստատումը Թուրքիայի և Պակիստանի ռազմածովային ուժերի հետ: