Մարտի 11-ին իսրայելական անօդաչու թռչող սարք է վայր ընկել ու պայթել Գազայի հատվածում։ Sky Rider ԱԹՍ-ն կործանվել է տեխնիկական խնդիրների պատճառով։
Այս մասին հայտնում է AFP լրատվական գործակալությունը՝ հղում անելով Իսրայելի պաշտպանության բանակին։
Թե ինչ է իսկապես եղել ԱԹՍ-ի հետ, կպարզի հետաքննությունը։
Գազայի հատվածում իշխտող պաղեստինյան Համաս խմբավորումը հայտնել է, որ ԱԹՍ-ն վայր է ընկել Ռաֆահ քաղաքում, իսկ սարքի կտորներն արդեն հայտնաբերվել են։
Իսկ ահա Ռոյթերս գործակալությունը գրում է, որ նույն ժամանակահատվածում իսրայելական ավիացիան հարված է հասցրել Ռաֆահ քաղաքում տեղակայված թիրախներին։ «Իսլամական ջիհադ» խմբավորումն էլ հայտնել է, որ իր ակտիվիստներից 3-ը զոհվել են։
Տեղեկացնենք, որ Sky Rider անօդաչու թռչող սարքն օգտագործվում է հետախուզական նպատակներով։