Գերմանական զինված ուժերի հրամանատարությունը General Dynamics ընկերության եվրոպական մասնաճյուղին պատվիրել է 76 միավոր Eagle-5 հրամանատարական զրահապատ մեքենաներ։
Երկու կողմերն արդեն կնքել են զրահամեքենաների տրամադրման պայմանագիրը, ըստ որի՝ Գերմանիայի զինված ուժերի պատվիրած զրահամեքենաներն ընկերությունը պիտի զորքերին հասցնի մինչև 2015 թվականի ավարտը։ Այս մասին հայտնում է Ջեյնս ռազմական հանդեսը։
Այս պայմանագիրը 2013-ի հունիսին Գերմանիայի զինված ուժերի ու արտադրողի կնքած մեկ այլ պայմանագրի շարունակությունն է։ Նախորդ պայմանագրով ընկերությունը զինված ուժերին էր տրամադրել 1 միավոր Eagle-5 զրահամեքենա, իսկ դրույթներից մեկով կողմերը համաձայնություն էին հայտնում, որ հետագայում զինված ուժերը կարող է պատվիրել ու ստանալ 76 մեքենա։
Պայմանագրի կնքումից հետո Գերմանիայի զինված ուժերի պատվիրած Eagle-5 զրահամեքենաների թիվը հասավ 176-ի։ Բացի այդ, գերմանական զինված ուժերը պատվիրել է նաև 505 միավոր Eagle-4 զրահամեքենաներ, որոնք Eagle-5-ի ավելի հին տարբերակն են։
4×4 ընթացամասով Eagle-5 զրահամեքենան ներկայումս առկա է միայն Գերմանիայի զինված ուժերում։ Զրահամեքենայի տանիքին տեղադրված է հեռակառավարվող մարտական հանգույց, որը զինված է 7,62 կամ 12,7 մմ գնդացրով։ Մեքենայի անձնակազմը 4 հոգի է, զանգվածը՝ մոտ 7 տոննա։ Մեքենայի զրահն ապահովում է ՆԱՏՕ-ի STANAG 4569 2Ա մակարդակի պաշտպանություն։