Ադրբեջանական լրատվակայքերի փոխանցմամբ՝ երկրի պաշտպանության նախարարության ղեկավար անձնակազմը վերջին շրջանում անցել է կրիպտոնային հեռախոսների կիրառմանը։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, դրանք հայտնի EADS ընկերության CASSIDIAN հեռախոսներն են։
Նկատենք, որ կրիպտոնային հեռախոսները կարող են օգտագործվել խոշոր տնտեսական, արդյունաբերական, ուժային ու ռազմական կառույցներում, երբ դրանց աշխատակիցները նպատակ ունեն սեփական կարևոր զրույցները զերծ պահել գաղտնալսումներից։ Կրիպտոնային հեռախոսների օգտագործման համար անհրաժեշտ է, որ դրանք կրող զրույցի մասնակից երկու կողմն էլ իրենց հեռախոսներում ունենան TETRA կապի համակարգը։
Հարկ է նշել, որ դեռևս 2013-ի մայիսին օպերատիվ կապի միջոցների արտադրող Motorola Solutions ընկերությունը ցուցադրություն էր կազմակերպել Բաքվում՝ Ադրբեջանի պետական ու առևտրային կազմակերպությունների համար։ Դրա ընթացքում ներկայացվել էր նաև ռադիոկապի TETRA կայանները։
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը չի մեկնաբանել սույն տեղեկությունները։ Ներկայումս բարդ է ասել՝ արդյոք լուրն իրականության հետ աղերսներ ունի, հստակ չէ՝ արդյոք ղեկավար անձնակազմի բոլոր անդամներն արդեն կիրառում են կրիպտոնային հեռախոսներ, թե դրանց շահագործումը նոր է մեկնարկել։
Հավելենք, որ կրիպտոնային հեռախոսների օգտագործման տեղեկությանը նախորդել են շուրջ մեկ ամիս առաջ Ադրբեջանում տարածված լուրերն այն մասին, որ հայկական կողմի հետախուզությունը կարողանում է հանգամանալից տվյալներ հավաքել Ադրբեջանի ՊՆ գաղտնի խորհրդակցությունների մասին։
Ադրբեջանի ռազմական փորձագետներից մեկի՝ Ուզեիր Ջաֆարովի խոսքերով. «Ադրբեջանում գեներալները խիստ զարմացել էին, երբ գաղտնի վայրում իրենց արտաբերած խոսքերը բառ առ բառ հայտնի էին դարձել Հայաստանում, այն էլ՝ ամենայն մանրամասներով։ Ավելի ուշ պարզել էին, որ գեներալների խոսակցությունը թշնամին ձայնագրել է բջջային հեռախոսի միջոցով, ապա վերծանել»։
Ջաֆարովը հավաստիացնում է, որ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն իրազեկված է Ադրբեջանի ՊՆ-ի՝ առաջնագծում կայացած փակ խորհրդակցություններից, Օհանյանն էլ «դրանց մասին հանգամանորեն զեկուցում է Սերժ Սարգսյանին»։
Ինչ վերաբերում է առաջնագծում Ադրբեջանի ՊՆ գաղտնի խորհրդակցություններին, ապա դրանցից վերջինը թերևս կայացել է 2014-ի փետրվարի 6-ին՝ Բարդայում տեղակայված առաջին բանակային կորպուսում, երբ հենց ադրբեջանական բաց աղբյուրներից էր հայտնի դարձել՝ արտակարգ խորհրդակցությունից հետո պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տարբեր պատճառներով պատժել էր մի քանի հրամանատարների։
Դեռևս 2013-ի նոյեմբերին ադրբեջանական մամուլի փոխանցմամբ՝ Ադրբեջանի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը հանձնարարել էր Aztelekom ընկերությանը 10 օրվա ընթացքում Ադրբեջանի ՊՆ բոլոր զորամասերում տեղադրել միջքաղաքային տաքսոֆոններ։ Դրանցից օգտվելու նպատակով տեղում զինծառայողները կարող էին գնել հատուկ քարտեր։ Տաքսոֆոնների կապի համակարգը, ինչպես հայտնի է, թույլ է տալիս խուսափել գաղտնալսումներից։ Ենթադրվում էր, որ տաքսոֆոնների առկայությունն ինքնըստինքյան կսահմանափակի բջջայինների կիրառումը, սակայն թե զինծառայողը որքան պետք է վճարի տաքսոֆոնային մեկ քարտի համար, չի հրապարակվել։
Կարևոր է հիշատակել նաև, որ ադրբեջանցի փորձագետների մի մասն էլ պնդում է՝ բջջայինների ազատ կիրառումը համապատասխանում է ՆԱՏՕ-ի չափանիշներին, իսկ քանի որ Ադրբեջանը «ձգտում է դեպի ՆԱՏՕ, ուստի պետք է հետևի դաշինքի կանոններին»։
Pingback: Ադրբեջանը հայտարարել է ԶՈւ բոլոր զորամասերում տաքսոֆոնների տեղադրման մասին | Ռազմ.info