ԱՄՆ հատուկ ծառայություններին արգելել են ոչնչացնել գաղտնալսման մասին տեղեկությունները

ԱՄՆ Սան Ֆրանցիսկոյի դաշնային դատարանը կայացրել է վճիռ, որով ազգային անվտանգության գործակալությանը հարկադրվել է դադարեցնել միլիոնավոր հեռախոսազրույցների ձայնագրություների ոչնչացումը։ Շարունակել այդ ձայնագրությունների ոչնչացումը, թե ոչ դատարանը կորոշի մարտի 19-ին, երբ հանգամանորեն ուսումնասիրի վարույթում գտնվող երկու գործի բոլոր մանրամասները։ Այս մասին հաղորդում է Associated Press լրատվական գործակալությունը։

Ներկայումս ԱՄՆ ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) դեմ դատական հայցով հանդես են եկել երկու քաղաքացի, ովքեր պահանջում են դատարանից անօրինական ճանաչել գործակալության կողմից իրականացվող գաղտնալսումներն ու բաժանորդների կատարած հեռախոսազանգերի ցուցակագրումը։

Այս գործի քննության ընթացքում դատարանին անհրաժեշտ է տեղեկություններ ձայնագրված հեռախոսազանգերի վերաբերյալ, սակայն 2014-ի մարտի սկզբից դրանք սկսել են ջնջել, քանի որ ԱՄՆ արտաքին հետախուզության վերահսկման դատարանի դրած պահանջի համաձայն՝ անհրաժեշտ է ոչնչացնել բաժանորդների կատարած հեռախոսազանգերի մասին տեղեկությունները յուրաքանչյուր հինգ տարին մեկ։

Այն մասին, որ ԱՄՆ ազգային անվտանգության գործակալությունը հավաքագրում է տեղեկություններ քաղաքացիների կատարած հեռախոսազանգերի վերաբերյալ՝ առաջին անգամ հայտնի դարձավ 2013-ի ամռանը, երբ մամուլում հրապարակվեցին դրա մասին վկայող գաղտնի փաստաթղթեր։ Սակայն ԱԱԳ-ից ի պատասխան նշեցին, որ հավաքագրվել է տեղեկություն միայն կատարված հեռախոսազանգերի ուղղությունների և ամսաթվերի վերաբերյալ։ Գաղտնալսման համար անհրաժեշտ է եղել արտաքին հետախուզության վերահսկման դատարանի համապատասխան թույլտվություն։

Նշենք, որ ԱԱԳ-ի գործունեության մասին բազմաթիվ մանրամասներ հայտնի դարձան հանրությանը շնորվիվ այդ գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի, ով ժամանակավոր քաղաքական ապաստան է ստացել Ռուսաստանի Դաշնությունում և ժամանակ առ ժամանակ հանդես է գալիս բացահայտումներով՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների աշխատանքի մեթոդների վերաբերյալ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *