ՀՀ ՊՆ-ում կայացավ «Ոչ մի հիվանդ զինվոր բանակում» խորագրով ռազմաբժշկական ոլորտի գիտական-գործնական հարցերով խորհրդակցություն, որը վարում էր պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Մարտի 11-ին խորհրդակցությանը մասնակցում էին ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Բենիկ Հարությունյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը, առողջապահության ոլորտի առաջատար մասնագետներ, ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ:
Սեյրան Օհանյանը կարևորել է նմանաբնույթ միջոցառումների անցկացումը, քանի որ պաշտպանության, առողջապահության նախարարությունների և ԵՊԲՀ փոխգործակցության շնորհիվ է հնարավոր միայն ապահովել ռազմական բժշկության ոլորտի հետագա զարգացումը, նպաստել զինված ուժերում բուժկանխարգելիչ միջոցառումների ակտիվացմանն ու զինծառայողների առողջության պահպանմանը:
Խորհրդակցության ընթացքում ներկայացված զեկույցներում և ծավալված քննարկումներում բարձրաձայնվել են մի շարք հարցեր:
Մասնավորապես, առանձնակի ուշադրություն է դարձվել ռազմաբժշկական համակարգի զորային (առաջնային) օղակի բժշկական ծառայության, ՀՀ զինված ուժերում գրիպի և սուր շնչառական այլ հիվանդությունների կանխարգելման, նախազորակոչային տարիքի երիտասարդների բուժզննման և նրանց զինծառայությանը նախապատրաստելու հիմնախնդիրներին:
Անդրադարձ է կատարվել նաև ռազմաբժշկական ծառայության կազմակերպական-կառուցվածքային հնարավորությունների կատարելագործման, զինված ուժերին մատակարարվող դեղամիջոցների որակական չափորոշիչների, դրանց նկատմամբ իրականացվող վերահսկողության արդյունավետությունը բարձրացնելու հարցերին: