ԱՄՆ-ն Իսրայելին կհատկացնի 429 միլիոն դոլար՝ հակահրթիռային պաշտպանության զարգացման համար

ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալությունը մարտի 11-ին հայտնել է, որ Իսրայելի հետ մարտի 5-ին կնքվել է համաձայնագիր, որով վերջինիս կհատկացվի 429 միլիոն դոլար՝ հակահրթիռային պաշտպանության Երկաթե գմբեթ համակարգի ֆինանսավորման համար։ Այս մասին հաղորդում է իսրայելական Haaretz լրատվակայքը։

Երկաթե գմբեթ ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում

Երկաթե գմբեթ ՀՀՊ համակարգի հրթիռի արձակում

Ֆինանսավորման շնորհիվ Իսրայելը հնարավորություն կունենա ոչ միայն շարունակել հրթիռային համալիրների ծավալների ընդլայնումը զինված ուժերում, այլև հիմնել դրանց համատեղ արտադրություն ԱՄՆ-ի հետ։ Այս ամենն ուղղված է Իսրայելի՝ Երկաթե գմբեթ (անգլ.՝ Iron Dome) անվանումը ստացած հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համակարգի զարգացմանը։

Երկաթե գմբեթը նախագծել է Rafael Advanced Defence Systems ընկերությունը։ Այն նախատեսված է միջին և փոքր հեռահարության հրթիռները, հրետանային և ականանետային արկերը որսալու համար։ Դրա արդյունավետ աշխատանքի հեռավորությունը 4-ից 70 կմ է։

Այս համակարգի առաջին մարտկոցը Իսրայելի զինված ուժերի սպառազինությունում հերթապահության է անցել 2011-ի մարտին։ Հետագայում դրանց քանակն ավելացավ և այսօր իսրայելական բանակում հաշվվում է Երկաթե գմբեթ համակարգի 6 մարտկոց, որոնցից յուրաքանչյուրի կազմի մեջ մտնում է արձակման երեք կայան՝ ընդհանուր թվով 60 հրթիռով։

Հավելենք, որ ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված այս համաձայնագրով հակահրթիռային պաշտպանության Երկաթե գմբեթ համակարգի ֆինանսավորման նպատակով 2011-ից ի վեր ԱՄՆ-ի հատկացրած ֆինանսական աջակցությունը կհասնի 930 միլիոն դոլարի։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *