Ռուսաստանում մեկնարկել է օդադեսանտային զորքերի լայնամասշտաբ զորավարժություն, որին 3.5 հազար զինծառայող է մասնակցելու։ Զորավարժությունը մեկնարկել է մարտի 11-ին։
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, այս մասին հաղորդել է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի փոխգնդապետ Եվգենի Մեշկովը։
Նրա խոսքերով`զորավարժությունն անձամբ գլխավորում է ՌԴ ԶՈւ օդադեսանտային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովը։ Ընդհանուր առմամբ զորավարժությանը մասնակցում է 36 միավոր ռազմական բեռնատար ու ավիացիոն տեխնիկա, իրականացվող դեսանտային գործողությունը դառնալու է ամենամասշտաբայինը վերջին 20 տարիների ընթացքում։ ՌԴ ՊՆ-ն դեռևս չի հաղորդել, թե որտեղ են նախատեսել անցկացնել վարժանքները։
Հիշեցնենք, որ փետրվարի 26-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր՝ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հանկարածակի տագնապով ոտքի են հանվել ՌԴ զինված ուժերի Արևմտյան և Կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, տիեզերական պաշտպանության, օդադեսանտային, ռազմական բեռնատար ավիացիայի հրամանատարությունը։ Նպատակը զորքերի մարտունակության համալիր ստուգումն է։
Վարժանքներին մասնակցել էին ՌԴ զինուժի 150 հազար զինծառայող։ Նախատեսված է օգտագործել 90 միավոր ինքնաթիռ, 120 միավոր ուղղաթիռ, մինչև 880 տանկ, մինչև 80 միավոր նավ։