ՆԱՏՕ-ի AWACS համակարգով հետախուզական ինքնաթիռները՝ Ուկրաինայի հետ սահմանին

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հետ սահմանին՝ Լեհաստան և Ռումինիա է ուղարկելու AWACS հեռավոր ռադիոտեղորոշիչ հայտնաբերման սարքերով ինքնաթիռներ։ Նման քայլի դրդապատճառը թերևս Ղրիմի շուրջ ծավալվող իրադարձություններն են։

E-3F Sentry ինքնաթիռ, կրում է AWACS համակարգ

E-3F Sentry ինքնաթիռ, կրում է AWACS համակարգ

Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, հղում տալով ՆԱՏՕ-ի ներկայացուցչի խոսքերին, հաշվի առնելով, որ Ուկրաինան ՆԱՏՕ-ի անդամ երկիր չէ` հիմնականում հետախուզական նպատակներով կիրառվող ինքնաթիռները թռիչքներ են կատարելու Լեհաստանի և Ռումինիայի օդային տարածքների սահմաններում։

AWACS-ներ կրող ինքնաթիռների թռիչքները կմեկնարկեն առաջիկայում և կշարունակվեն այնքան ժամանակ, որքան որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ կհամարի։ Չի հաղորդվում ինքնաթիռների ստույգ թիվը։ Հայտնի է միայն, որ դրանց օգնությամբ ՆԱՏՕ-ն ակնկալում է հնարավորինս շատ տեղեկություններ հավաքագրել Ղրիմում տիրող իրավիճակի մասին։

Նկատենք, որ AWACS ռադիոտեղորոշման էլեկտրոնային համակարգերը նախատեսված են օդային մարտերի կառավարման, քաղաքացիական օդուժի շարժի կառավարման, հետախուզություն կատարելու համար։ Դրանք կիրառվում են Ավստրալիայում, Բրազիլիայում, Մեծ Բրիտանիայում, Հունաստանում, Իսրայելում, Պակիստանում, Ռուսաստանում, Մեքսիկայում, Ֆրանսիայում, Չինաստանում, ԱՄՆ-ում։

Ինչ վերաբերում է նման համակարգեր կրող ինքնաթիռներին, ապա դրանցից թերևս առաջինը Boeing E-3 Sentry-ն է։ Առաջին թռիչքը կատարել է 1975-ին, սկսել է շահագործվել 1977-ին, երկարությունը 46.61 մ է, թևի բացվածքը՝ 44.42 մ է, ավելագույն արագությունը 853 կմ/ժ է։

Հիշեցնենք, որ մարտի 4-ին Լեհաստանի նախաձեռնությամբ ՆԱՏՕ-ում խորհրդակցություն կայացավ, որը վերաբերում էր Ուկրաինայի դեպքերին։ Ըստ խորհրդակցության արդյունքների՝ ՆԱՏՕ-ն հայտարարեց, որ Մերձբալթյան երկրներում կրկնակի ավելացնելու է իր ունեցած կործանիչների թիվը, բացի այդ առաջիկայում Լեհաստանի օդուժի հետ համատեղ զորավարժություններ է անցկացնելու։

Հավելեք նաև, որ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը մարտի 5-ին հայտարարել էր՝ ՆԱՏՕ-ն պատրաստվում է վերանայել ՌԴ-ի հետ իր ունեցած հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ կապված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման և Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ զինծառայողների առկայության հետ։

ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունները սրվել են, երբ ՌԴ Դաշնությունների խորհուրդը 2014-ի մարտի 1-ին որոշել էր ընթացք տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը Ուկրաինայի բնակիչ ռուսների և Ուկրաինայում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով զորքեր մտցնելու վերաբերյալ։ Մի քանի պետություններ սառեցրել են Սոչիում անցկացվելիք G8 գագաթաժողովին նախապատրաստությունը։

Այս իրադարձություններին հետևել էին Կանադայի և ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության կասեցման որոշումները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *