Ռուսաստանի ռազմածովային ուժերը արգելափակել է Սևաստոպոլ նավահանգիստը

Ռուսաստանի ռազմածովային ոժերը արգելափակել է ելքը դեպի Սև ծով Սևաստոպոլի նավահանգստից՝ իրարից խիստ մոտ տարածության վրա խարսխելով թվով տասը մեծ և փոքր ռազմանավեր։

Արդյունքում մուտքն ու ելքը Սև ծովից Սևաստոպոլ և հակառակն ամբողջությամբ վերահսկում են ՌԴ ռազմածովայինները։ Համապատասխան իրողությունը հաստատող արբանյակային լուսանկարերը տարածվել են համացանցում։ Դրանք թվագրվում են 2014-ի մարտի 9-ով։

Սևաստպոպոլի նավահանգիստն արգելափակած ռուսաստանյան ռազմանավերը. Լուսանկարը՝ Charly015 բլոգի

Սևաստպոպոլի նավահանգիստն արգելափակած ռուսաստանյան ռազմանավերը. Լուսանկարը՝ Charly015 բլոգի

Հավելենք, որ ավելի վաղ՝ մարտի 6-ին, Ռուսաստանի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) սևծովյան նավատորմի նավերը շահագործումից հանված 1134 նախագծի Օչակով ռազմանավը քարշակելով հասցրել էին Սև ծովի և Դոնուզլավ լճի հատման կետը, միտումնավոր խորտակել այն ու դրանով զրկել լճում տեղակայված ուկրաինական ՌԾՈւ-ի հարավային ռազմակայանի նավերը Սև ծով ելքի հնարավորությունից։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում բավական լարված իրավիճակ է ստեղծվել Սև ծովի ավազանում՝ պայմանավորված Ղրիմի թերակղզու շուրջ ծավալվող իրադարձություններով։ Այն բանից հետո, երբ ՌԴ Դաշնային խորհուրդը հավանություն տվեց զինված ուժերը երկրի սահմաններից դուրս՝ Ուկրաինայում կիրառմանը, այդ երկրի ՌԾՈւ ռազմանավերը դուրս բերվեցին Ղրիմի շրջանից՝ հավանաբար ռուսաստանյան ռազմանավերի հետ ընդհարումից խուսափելու համար։

Դոնուզլավ լճից Սև ծով ելքը արգելափակած Օչակով ռազմանավը

Դոնուզլավ լճից Սև ծով ելքը արգելափակած Օչակով ռազմանավը

Իրավիճակի սրմանը նպաստեցին նաև ԱՄՆ-ի գործողությունները. վերջինս Բուլղարիայի և Ռումինիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու պատճառաբանությամբ մարտի 7-ին Սև ծով ուղարկեց իր ռազմածովային ուժերի Truxtun հրթիռային ականակիր նավը։ Բացի այդ, լրատվամիջոցներում օրեր շարունակ շրջանառվում են տեղեկություններ ամերիկյան USS George H.W. Bush ավիակրի՝ Սև ծով մուտք գործելու մտադրության մասին, թեպետ հիշեցնենք, որ 1936–ին կնքված Մոնտրոյի պայմանագրով արգելվում է ավիակիրների մուտքը Սև ծով Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով։

Հավելենք, որ ավիակրի շարժի վերաբերյալ տեղեկությունների համաձայն՝ մարտի 9-ի դրությամբ այն խարսխել է Թուրքիայի Անթալիա քաղաքի մերձափնյա շրջանում և մնալու է այնտեղ դեռևս մի քանի օր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *