Նյու Յորքում մարտի 9-ին ծայրահեղ ուղղափառություն դավանող հրեաների բազմահազարանոց ցույց է կայացել։ Ցուցարարները բողոքում են ուղղափառ հրեաներին իսրայելական զինուժ հավանական զորակոչի դեմ։
Ինչպես հաղորդում է AP լրատվական գործակալությունը, ցույցին մասնակցել է մի քանի տասնյակ հազար հրեա, իսկ ցույցի կազմակերպիչները տեղեկացնում են 50 հազար մասնակցի մասին։
Ուշագրավ է, որ ցույցը կայացել է աղոթքի տեսքով, ուստի ուղղափառ հրեա տղամարդիկ ու կանայք միմյանցից առանձին են ցույց արել։
Նշենք, որ Իսրայելի խորհրդարանը՝ Քնեսեթը, ծրագրել է քննարկել ուղղափառ հրեաներին զորակոչելու հարցը 2014-ի մարտի ընթացքում։ Օրինագիծը ենթադրում է, որ կրոնական ուսումնական հաստատություններում ուսանող հրեաները՝ իևշիվները, այնուհանդերձ կզորակոչվեն, սակայն 26 տարեկանից հետո։ Օրենքն ընդունվելու դեպքում այն ուժի մեջ է մտնելու միայն 2017-ին։
Հետաքրքիր է, որ Իսրայելում, չնայած պարտադիր զինծառայության են ենթակա համապատասխան տարիքի բոլոր քաղաքացիները, հնարավոր է խուսափել ծառայությունից կրոնական նկրտումներից ելնելով։
Ծայրահեղ ուղղափառ հրեաներն իրենց ներկայացնում են որպես «ողջ կյանքը «Թորայի»՝ Հին կտակարանի ուսումնասիրությանը նվիրած անձինք»։ Նրանք մինչ օրս ազատված են զինծառայությունից, սակայն միևնույն ժամանակ պետությունից նպաստ են ստանում։ Ուղղափառ հրեաները կազմում են Իսրայելի մոտ 8 միլիոնանոց բնակչության շուրջ 10 տոկոսը։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ նրանց մեծ մասը սոցիալական վատ վիճակում է, մի մասի եկամուտն էլ միայն տան տիկնոջ աշխատավարձն է։ Նրանց շրջանում ծնելիության աստիճանը բարձր է։
Ուղղափառներին զորակոչելու թեման 2014-ի հունվարի վերջին վերստին բարձրացրել է թերևս Իսրայելի ֆինանսների նախարար Յար Լիպիդը՝ հետևելով սեփական նախընտրական խոստումներին, որոնց շարքում հիշատակվում է. «Իսրայելին անհրաժեշտ է զորակոչի մասին նոր օրենք, որը կվերացնի ուղղափառների համար արտոնությունները, ինչն էլ կհանգեցնի իրավունքների հավասարության հաստատմանն այս հարցում»։
Նախարարը հավաստիացնում է՝ անհասկանալի է, թե իչնու բնակչության մի մասը պետք է չծառայի բանակում, ստանա նպաստ, իսկ մյուս մասը պարտաճանաչ կատարի պետության նկատմամբ իր պարտքն ու միաժամանակ գումար վաստակի սեփական աշխատանքով։
Ուղղափառ հրեաներն էլ իրենց հերթին մեղադրում են կառավարությանը իրենց «սիոնիստ դարձնելու փորձերի համար»։ Համաձայն նրանց՝ իսրայելական առաջնորդները բանակը դիտում են որպես լավ միջոց սիոնիզմի զանգվածային տարածման համար, այդ պատճառով էլ ուղղափառներին ստիպում են անցնել ծառայություն։ Ուղղափառների խոսքերով՝ իրենց ծառայելն ավելի շատ բացասական կազդի բանակի մարտունակության վրա, և դա հակասում է հուդդայականության կանոններին:
Նկատենք, որ դեռևս 2013-ի ամռանից ծայր են առել ուղղափառ հրեաների բողոքի ցույցերը։ Եվրոպական տարբեր երկրներում նրանք փողոց էին դուրս եկել, մասնավորապես հավաքվել էին Բրյուսելում՝ Եվրամիության գրասենյակի դիմաց։ Համանման ցույցերի հանգամանքը Թուրքիան և Արևմուտքը ժամանակ առ ժամանակ փորձում են կիրառել Իսրայելի կառավարության դեմ՝ որպես լծակ։
Pingback: Իսրայելը կփորձի բանակ զորակոչել ավելի մեծ թվով քրիստոնյաների | Ռազմ.info