Եթե բանակին մատների արանքով նայենք, լավ չի լինի. ավագ սերժանտ Թադևոսյան

ՀՀ զինված ուժերի 22-ամյակի կապակցությամբ Ռազմինֆոն շարունակում է ներկայացնել իր հեղինակային շարքի հերթական հերոսին։ Առաջին մասնագիտությամբ օդաչու, իսկ այժմ թռիչքների ղեկավար, ավագ սերժանտ Արայիկ Թադևոսյանի համար օդաչու դառնալը երազանք է եղել։ Առաջին անգամ չի ընդունվել, բայց համառորեն շարունակել է։

Ավագ սերժանտ Արայիկ Թադևոսյան

Արայիկ Թադևոսյանը սովորում է ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում։

—Ո՞ր տարիքից ու ինչպես արտահայտվեց Ձեր սերն ավիացիայի նկատմամբ։

Ինձ մոտ ամեն ինչ սկսվեց 3-րդ դասարանից։ Ես Մարալիկից եմ, ու թռիչքների մեծ մասը հենց Մարալիկի վրայով է լինում, կանգնում ու նայում էի։ Գիտեի, որ թռիչքներն առավոտյան շուտ են լինում, արթնանում էի ու վայելում։ Ես նույնիսկ մոտիկից ինքնաթիռ կամ ուղղաթիռ չէի տեսել, բայց շատ սիրում էի թռիչքն օդում։ Փոքր ժամանակ, երբ հարցնում էին, թե ինչ եմ ուզում դառնալ, ասում էի՝ օդաչու։

—Օդաչուի մասնագիտության ընտրությունն ընտանիքում ինչպե՞ս ընդունվեց։

Նորմալ։ Միշտ մայրերն են մի քիչ զգացմունքային, բայց մեղադրել չի կարելի, մոր սիրտ է, անհանգիստ է լինում։ Օդ ես բարձրանում ու չգիտես՝ ինչ կլինի։ Բայց ինչպես բարձրացել ես, այնպես էլ պետք է իջնես։

—Կխոսե՞ք այստեղ հանդիպած բարդությունների մասին։

Այստեղ սովորող ընկերներ շատ ունեի, ինչ-որ չափով ծանոթ էի։ Բացի այդ, եթե ինչ-որ գործ սիրելով ես անում, հիմնականում դժվարություններ չեն լինում։ Անսովոր էր սկզբի մի ամիսը, հենց ադապտացիոն շրջանն անցնում է, ամեն ինչ կարգավորվում է։

—Օդաչուների համար կյանքը բաժանվում է երկու մասի՝ օդում և ցամաքում։ Որտե՞ղ եք Ձեզ լավ զգում։ Ո՞րն եք գերադասում։

Բնականաբար օդում դու ավելի հանգիստ ես, չնայած շատ ավելի զգոն ու զգույշ։ Օդում դու ես ու քո տեխնիկան։ Քո կյանքը քո ձեռքերում է։ Եթե ինչ-որ խնդիր չկարողացար լուծել, ապա հա´մ դու կործանվեցիր, հա´մ էլ մեր տեխնիկան։ Դրա համար այստեղ շատ մանրունքների ենք անդրադառնում։ Ցամաքում ուրիշ է, իսկ օդում հաճելի է(ժպտում է)։

—Երկաթե թռչունն իր կյանքը Ձեզ է վստահում, իսկ Դուք՝ իրեն։ Ամեն անգամ օդ բարձրանալիս ինչի՞ մասին եք մտածում։

Երբեք վատը չեմ մտածում։ Միշտ թռիչքից առաջ ես ամեն ինչ հերթով նայում եմ։ Դեմից մինչև ինքնաթիռի պոչը։ Այ թե ինչը պետք է նայես, ինչին ուշադրություն դարձնես, հենց այստեղ էլ սովորում ենք։ Ու շատ կարևոր է, որ յուրաքանչյուր օդաչու դրանք իմանա։

—Կպատմե՞ք Ձեր առաջին ինքնուրույն թռիչքի մասին։

Չէի սպասում, որ այդ օրը թռչելու եմ։ Մի օր թռանք օդաչու-հրահանգիչի հետ, հաջորդ օրն ասաց, որ ես մենակ եմ թռչելու։ Որ մտածում ես, թե ինչպես ես երազել ու հիմա իրականանում է, զգացողությունները լրիվ ուրիշ են։

—Գիշերը գոնե քնեցի՞ք։

Իրականում պետք է քնեի, բայց գրեթե չեմ քնել։ Երբ օդ բարձրացա, ուղղակի վայելեցի այդ պահը։ Մարդ կա ասում է՝ գոռացել եմ։ Ամեն մեկը մի ձև է «նշում» օդում։ Ես հանգիստ թռել եմ, նայել եմ հայելուն, հետևս մարդ չկար։ Թռել եմ 2 անգամ, ամեն մեկը 6 րոպե։ Հետո արդեն թռիչքներն ավելացան։

—Վախի զգացողություն կա՞ր։

Վախ չեմ ունեցել։ Չգիտեմ։

—Ինչպիսի՞ն է երկիրը վերևից։

Հետաքրքիր է, շատ մանր է ամեն ինչ։ Այ դա էլ է շատ հետաքրքիր։

—Ի՞նչ ինքնաթիռով եք առաջին թռիչքն իրականացրել։

Յակ-52-ով։

Ավագ սերժանտ Արայիկ Թասևոսյան

—Իսկ մյուս թռիչքնե՞րը։

Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռով։ Բայց սրանով ես ինքնուրույն թռիչք չեմ ունեցել, իսկ Յակ-ով ունեցել եմ։ Բացի այդ, Յակ-ի հետ շատ հիշողություններ ունեմ։ Այս տեխնիկան շատ եմ սիրում։ Ինչ-որ երազել եմ, իրականացել է հենց այդ ինքնաթիռով։

—Եթե հնարավորություն ունենաք, ո՞ր տեխնիկայով կուզենայիք թռիչք իրականացնել։

Սիրում եմ Սու-25-ը։ Ինձ համար այս ինքնաթիռը կարծես իդեալ լինի։ Բայց այլևս չեմ թռչելու։ Հիմա զբաղվելու եմ թռիչքների ղեկավարմամբ։

—Քանի անգամ եք թռել, հաշվե՞լ եք։

178 անգամ Յակ-52-ով, 89 անգամ Լ-39-ով։

—Օդաչուի և թռիչքների ղեկավարի աշխատանքների պատասխանատվության մասին կխոսե՞ք։

Եթե օդաչուն օդ բարձրացավ, ինքը պատասխանատու է իր համար, իսկ թռիչքների ղեկավարը, եթե 4 ինքնաթիռ օդ բարձրացրեց, ապա գլխով պատասխանատու է այդ 4-ի համար։ Էլեկտրական աթոռի է նման։ Հավատացեք, շատ դժվար մասնագիտություն է։ Պիտի ամեն ինչ շատ լավ իմանաս։

—Իսկ արդեն ինչ-որ մեկի թռիչքը ղեկավարե՞լ եք։

Դեռ ոչ։ Այս տարի գործնական պարապունքների ժամանակ կփորձեմ։

—Կա՞ ինչ-որ խորհուրդ, որ ինչ-որ մեկը Ձեզ տվել է, ու առաջնորդվում եք դրանով։

Շատ են եղել լավ խորհուրդներ։ Ես Արման Տիգրանյան անունով օդաչու-հրահանգիչ ունեմ Արզնիում, որ ոչ միայն թռչել եմ սովորել նրա հետ, այլ նաև շատ բան։ Ամեն ինչի հետ կապված այնքան խորհուրդ է տվել, որ մինչև հիմա առաջնորդվում եմ։ Ինչպես պահես քեզ, ինչպես հաջողության հասնես, չխաբես։ Մինչև հիմա իրեն հիշում եմ ու կապը պահում։ Թեև իր հետ այլևս չեմ թռչելու, բայց կապը պահում եմ։

—Ամեն տարի պարտադիր երկու անգամ պարաշյուտային երկու թռիչք պետք է ունենաք։ Առաջին անգամ որ իմացաք թռչելու եք, ի՞նչ զգացողություններ էին։

Առաջին անգամ չէի գիտակցում, շատ էի ուրախացել։ Յուրահատուկ հաճույք է։ Առաջին մի քանի վայրկյանն է, որ մտածում ես կբացվի թե չի բացվի, հենց մի երկու անգամ ասում ես՝ կբացվի թե չի բացվի, արդեն բացված է լինում։ Առաջին թռիչքից հետո վնասվածք էի ստացել ու թռիչքներից հետ մնացել։  Այ դրա համար չեմ ուզում պարաշյուտով թռչել, թե չէ մյուս պարագաներում հետաքրքիր է պարաշյուտը։

—Մեր զինված ուժերի տարեկիցն եք, մինչև մեր զրույցը մտածել էիք դրա մասին։ Պարտավորեցնո՞ղ է։

Եթե համազգեստը հագել ես, ուրեմն պարտավորվածություն ունես։ Ես երազել եմ օդաչու դառնալ, իսկ դա հենց այս համազգեստից է սկսվում։ Եթե մեր սերունդը  չանի, չսիրի, էլ անող չի լինի։ Եթե բանակին մատների արանքով նայենք, լավ չի լինի։

—Ըստ Ձեզ՝ մեր օդային սահմանը հուսալի է։

Այո, քիչ ենք, բայց լավն ենք։ Բարձրլեռնային այս պայմաններում թռիչքներ իրականացնելը հեշտ չէ, բայց մենք անում ենք։

—Ի՞նչ ավիատեխնիկա կուզենայիք որ մեր զինված ուժերն ունենար։

Սու-27, ՄիԳ-29։

—Ի՞նչ եք կարծում կանանց ինքնաթիռներ կարելի է վստահել։ Կարծես թե մենք կին օդաչուներ չենք ունեցել։

Ինչու՝ ոչ։ Ասում են՝ նրանք ավելի լավ ու ավելի ուշադիր են լինում։

—Ինչ-որ հետաքրքիր դեպք կհիշե՞ք Ձեր թռիչքներից։

Ծայրահեղ իրավիճակ երբեք չի եղել։ Իսկ ամեն թռիչք իր հետաքրքրությունն ունի։ Եթե նույն տեղերով ես թռչում, ապա ամեն անգամ նոր բան ես բացահայտում։

—Ի՞նչ կմաղթեք մեր զինված ուժերին։

Կուզենամ, որ հիմնադրված օրվանից ինչքան ուժեղացել է, էլ ավելի ուժեղանա, որովհետև մենք լուրջ թշնամի ունենք։ Մենք քանակով զիջում ենք, բայց ասացի, որ մերոնք ուժեղ են։ Ինչ ունենք, ունենք, պիտի շատ սիրենք։

Զրուցեց՝ Հասմիկ Մելիքսեթյանը

Նկարները՝ Սոսե Մուրադյանի

Հատուկ շնորհակալություն ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտի հրամանատարությանը` շարքի պատրաստմանն աջակցելու համար:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *