Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերի USS George H.W. Bush (Ջորջ Հ. Վ. Բուշ) ավիակիրը ժամանել է Թուրքիայի միջերկրածովյան Անթալիա նավահանգիստ։
Ամերիկյան ռազմանավը ժամանել է Անթալիա մարտի 9-ին, տեղեկացնում է ԱՄՆ ՌԾՈւ-ի պաշտոնական կայքը։ Չի նշվում, թե ծրագրված այցով Թուրքիա ժամանած ավիակիրը քանի օր է այդտեղ անցկացնելու։
Ավելի վաղ USS George H.W. Bush ավիակիրը խարիսխ էր գցել Հունաստանի Պիրաեուս նավահանգստում։ Այն ներկայում Միջերկրական ծովում ԱՄՆ-ի միակ ավիակիրն է։
Հավելենք, որ օրերս Դարդանելի և Բոսֆորի նեղուցներն անցել ու Սև ծով էր մտել ԱՄՆ նավատորմի Truxton հրթիռային ականակիր նավը, որը չպետք է այնտեղ մնա 21 օրից ավել։
Ամերիկյան ռազմանավի մուտքը Սև ծով կապել էին Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, սակայն ամերիկյան կողմը տեղեկացրել էր, թե ռազմանավը մասնակցում է Բուլղարիայի և Ռումինիայի հետ նախօրոք ծրագրված զորավարժությանը։
Նշենք, որ USS George H.W. Bush (CVN-77)-ը Նիմից դասի ավիակիր է։ Ավիակիրը սկսել են շահագործել 2009 թվականից, իսկ կառուցումը սկսվել է 2003-ին։ Ջրատարողությունը 97 000 տոննա է, երկարությունը՝ 333 մետր, լայնությունը 76.8 մետր։ Առավելագույն արագությունը 30 հանգույց է (56 կմ/ժ)։ Ավիացիոն խումբը 90 ինքնաթիռ և ուղղաթիռ է։