Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, պահեստի բանակի գեներալ Իլքեր Բաշբուղը ազատ է արձակվել։ Թուրք գեներալն անցնում էր աղմկահարույց «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով և դատապարտված էր ցմահ ազատազրկման։
Բանակի գեներալ Բաշբուղը մարտի 7-ին ազատ է արձակվել Ստամբուլի ծանր հանցագործությունները քննող 14-րդ դատարանի որոշմամբ։ Ազատ արձակվելու նախօրեին Թուրքիայի սահմանադրական դատարանը բարձրաստիճան զինվորականի դատավարությունը համարել էր խախտումներով և նրա իրավունքների խախտումներով ուղեկցված։
Բաշբուղի դեմ հետաքննությունը սկսվել էր 2012-ի հունվարի 2-ին, իսկ 4 օր անց նրան կալանավորել էին։ Նա մեղադրվում էր ահաբեկչական խմբավորում հիմնելու և հեղաշրջում նախապատրաստելու համար, ինչի համար էլ ցմահ ազատազրկման էր դատապարտվել։
70-ամյա գեներալը Թուրքիայի զինված ուժերի շտաբի պետի պաշտոնն է զբաղեցրել 2008-2010 թվականներին, երբ իշխող իսլամամետ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը երկրի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ իրականացնում էր թուրքական գեներալների՝ ներքին քաղաքականության վրա ազդեցության զգալի նվազեցման ակտիվ քաղաքականություն։
Այդ քաղաքականության համատեքստում ընթանում էին բարձրաստիճան զինվորականների զանգվածային ձերբակալություններ՝ հեղաշրջումներ կատարելու մեղադրանքներով։