Լեհաստանը ներկայացրել է Orlik MPT նոր ուսումնական ինքնաթիռը

Լեհաստանի մայրաքաղաք Վարշավայում մարտի 7-ին կայացել է լեհական նոր ուսումնական Orlik MPT ինքնաթիռի առաջին ցուցադրությունը։ Ինքնաթիռի ներկայացման հանդիսավոր արարողությանը ներկա են եղել Լեհաստանի ռազմաօդային ուժերի հրամանատարը, բարձրաստիճան այլ զինվորականներ ու պաշտոնյաներ, ինչպես նաև երկրում գործող դիվանագիտական առաքելությունների ռազմական կցորդներ։ Այս մասին հայտնում է լեհական Altair ռազմական լրատվակայքը։

PZL-130 Orlik ուսումնամարզական ինքնաթիռը. Լեհաստանի ՌՕՈւ

Orlik MPT ինքնաթիռի նախագծման աշխատանքները մեկնարկել են դեռևս 2011-ին։ Այն ստեղծվել է PZL-130 Orlik ուսումնական ինքնաթիռի հիման վրա։ Պատվիրատուն Լեհաստանի ռազմաօդային ուժերի տեխնոլոգիական ինստիտուտն է, իսկ նախագծի իրականացմամբ զբաղվել են լեհական ավիաշինական մի շարք ընկերություններ ու կազմակերպություններ։

Ուսումնամարզական նոր ինքնաթիռն իր մեջ ամփոփում է նորարարական մի շարք լուծումներ։ Այսպես, որոշվել է ինքնաթիռի օդաչուական խցիկի վրա տեղադրել մեծ մակերեսով ապակե ծածկոց, ինչն էականորեն կավելացնի օդաչուի տեսադաշտը։ Բավական ժամանակակից է նաև ինքնաթիռի տեխնիկական հագեցածությունը։ Կուրսանտի և հրահանգիչի խցիկներում տեղադրված են բազմաֆունկցիոնալ մոնիտորներ, որոնք ամբողջական տեղեկություն են հաղորդում ընթացող թռիչքի բոլոր մանրամասների վերաբեյալ։

Orlik MPT-ն օժտված է նաև բորտ-համակարգչով և ժամանակակից ռադիոկայանով։ Խցիկի սարքավորումներն ամբողջությամբ լուսավորված և հարմարեցված են գիշերային ժամերին թռիչքների իրականացմանը։ Նշենք, որ ուսումնական այս ինքնաթիռի ստեղծման աշխատանքերի համար Լեհաստանը հատկացրել է շուրջ 110 միլիոն ամերիկյան դոլար։

Orlik MPT-ի տեխնիկական տվյալների մասին տեղեկություններ դեռևս չկան։ Դրա ստեղծման հիմք հանդիսացած PZL-130 Orlik-ի անձնակազմը բաղկացած է երկու հոգուց՝ կուրսանտից և հրահանգիչից։ Ինքնաթիռը կարող է զարգացնել 550 կմ/ժ առավելագույն արագություն։ Թռիչքի առաստաղը 10 000 մետր է, իսկ առավելագույն հեռավորությունը 2 200 կմ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *