Կրկին ՌԴ հետախուզական ինքնաթիռ՝ Թուրքիայի սևծովյան ափերին

Այս շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռը հայտնվել է Թուրքիայի սևծովյան ափերին, իսկ թուրքական F-16 կործանիչներն օդ են բարձրացվել։

Մարտի 6-ին առավոտյան թուրքական երկու կործանիչներ են օդ բարձրացվել, որոնք էլ ուղեկցել են ռուսական ինքնաթիռին։ Ընդհանուր առմամբ, թուրքերը 3 անգամ օդ են բարձրացրել 2-ական կործանիչ, որպեսզի կարողանան ամբողջովին հետևել Սևծովյան ողջ ափամերձ հատվածով թռիչք կատարող հետախուզական ինքնաթիռին։ Միջադեպեր չեն գրանցվել, ՌԴ ինքնաթիռը չի հատել Թուրքիայի օդային տարածքը։

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ևս Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ակտիվ հետախուզական թռիչքներ էր իրականացնում Թուրքիայի սևծովյան հատվածում։ ՌԴ ռազմական ինքնաթիռների թիչքների ժամանակ թուրքերը մշտապես օդ էին բարձրացնում մի քանի F-16 կործանիչներ՝ խանգարելու Իլ-20Մ-ի աշխատանքին և վերահսկելու նրա թռիչքը։ 2014 թվականին ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռի թռիչքների մասին թուրքական պաշտոնական շրջանակները տեղեկություն դեռ չէին տարածել։

«Ռոյթերսն» իր հերթին վերջին շաբաթում ռուսական Իլ-20Մ-ի երկու թռիչքները կապում է Ուկրաինայում սրված իրավիճակի և Ղրիմում զարգացումների հետ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այսինքն՝ դեմ է Ղրիմի հնարավոր առանձնացմանը, ինչպես նաև նշել է, թե ուշադրության կենտրոնում է պահում Ղրիմի թաթարների հարցը, ովքեր թերակղզու բնակչության 12-15 տոկոսն են կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *