Մեր վարժարանում թույլ մարդ չկա. 10 մոնթեականի հաղթանակի հետքերով (վիդեո, ֆոտո)

Պատահական էր այստեղ գալս։ Առաջին անգամ ծնողներս ասացին, ասացի՝ չէ։ Որոշեցի հաշվապահ դառնալ, հետո հեռուստացույցով տեսա, թե ինչպես են Մոնթե Մելքոնյանի անվան վարժարանի սաները մրցումների մասնակցում։ Թեկուզ ուշացումով եկա այստեղ։ Միայն սովորելու ժամանակ հասկացա, որ կարևորը ոչ թե արտասահման մրցումների գնալ- գալն էր, այլ այն, որ երկիր ես ներկայացնում ու հաղթանակ բերում։

(Ձախից աջ) Մհեր Մարտիրոսյան, Գեղամ Կիրակոսյան, Գուրգեն Մկրտչյան, Հենզել Գրիգորյան, Գագիկ Մկրտչյան

(Ձախից աջ) Մհեր Մարտիրոսյան, Գեղամ Կիրակոսյան, Գուրգեն Մկրտչյան, Հենզել Գրիգորյան, Գագիկ Մկրտչյան

Սրանք ՌԴ Պերմ քաղաք անցկացված «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքի մասնակիցներից Գեղամ Կիրակոսյանի խոսքերն են։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Փետրվարի 12-ից 22-ը Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական ուսումնարանի սաները ՌԴ Պերմ քաղաքում հաղթող են ճանաչվել։

Հաղթական թիմը Պերմում Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Հաղթական թիմը Պերմում
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Ռազմինֆոն զրուցել է մեր հաղթական թիմի հետ։ Թիմ, որ արդեն քանի տարի մասնակցում ու իր հաղթանակների շնորհիվ բարձր է պահում Հայաստանի անունը։

Զրույցը սկսում ենք ծանոթությունից, թե սաներից որը որտեղից է եկել, ինչու է ռազմական ոլորտն ընտրել։ Գյումրեցի սան Ռաֆիկ Մալխասյանը պատմում է, որ միշտ երազել է զինվորական դառնալու մասին և ընկերոջ հետ որոշել գալ սովորելու։

Ռաֆիկ Մալխասյանը

Ռաֆիկ Մալխասյանը

Հետաքրքրվում ենք, թե արդյոք ընկերն էլ է ընդունվել, տղաները ժպտում են ու ցույց տալիս Ռաֆիկի դիմաց նստած Հենզել Գրիգորյանին։ Երկու ընկերներ, որոնք հիմա նաև հաղթական թիմի ներկայացուցիչներ են։

Միմյանց հետ ծանոթանալուց հետո սկսում ենք զրուցել նախապատրաստական աշխատանքների ու մեր տղաների 5 օրյա պայքարի մասին։

Հրաչյա Առաքելյանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Հրաչյա Առաքելյանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

«Մեզ 10-15 օր ժամանակ ունեինք պատրաստվելու համար։ Ներկայացրել էին, որ լարված մրցույթ է լինելու։ Մեր նպատակն էլ հենց դա էր, գնալ ու առաջին հորիզոնականով վերադառնալ։ Մենք վստահ էինք, որ առաջինը մենք ենք լինելու»,- պատմում է Հրաչյա Առաքելյանը։

Առջևից՝ Գագիկ Մկրտչյանը, Սերգեյ Ղազարյանը և Ալեքսանդր Կարապետյանը

Առջևից՝ Գագիկ Մկրտչյանը, Սերգեյ Ղազարյանը և Ալեքսանդր Կարապետյանը

Ինչպես տղաներն են միահամուռ պատասխանում, լարվածության մասին խոսք լինել չէր էլ կարող։

Մոնթեականը պարգևատրման ժամանակ Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Մոնթեականը պարգևատրման ժամանակ
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Նրանցից շատերն արդեն 4-րդ անգամ էին միջազգային մրցումների մասնակցում, իսկ գրեթե մեծամասնությունը 2013 թվականին Ուկրաինայի Օդեսա քաղաքում դարձյալ գրավել էր առաջին հորիզոնականը։

«Մրցույթից մրցույթ մենք ավելի պատրաստ ենք։ Իսկ վստահությունը քո ընկերներից է գալիս, երբ գիտես, որ միշտ պատրաստ են։ Մեր վարժարանում ֆիզիկապես թույլ մարդ չկա, դրա համար էլ մեզ համար միջազգային մրցույթներում հեշտ է լինում»,- վստահեցնում է Մհեր Մարտիրոսյանը։

Մհեր Մարտիրոսյանը

Մհեր Մարտիրոսյանը

Այն հարցին, թե ինչպես էր տրամադրությունը երկրների միջև մրցումների ժամանակ Գեղամ Կիրակոսյանը նշեց.

«Հենց սկզբից ղեկավարներն ասացին, որ մենք բարեկամ պետություններ ենք ու եկել ենք իրար ճանաչելու։ 5 օր մնացել ենք մեր իսկ պատրաստած վրաններում -30-40 աստիճան ցրտին։ Մեզնից յուրաքանչյուրն եղել է տարբեր դասակներում։ Ամեն դասակում կար 30 մասնակից։ Օրվա վերջում հավաքվում էինք դասակով ու պատմում օրվա տպավորությունները։ Պետք է հասցնեինք ծանոթանալ, աչքի ընկնել լավ առումով։ Օրվա վերջում բոլորն ասում էին, թե ով է իր համար հերոս և ինչու։ 12-րդ հավաքն էր արդեն ու այդպիսի բան երբեք չէր եղել, հենց առաջին օրը մեզնից 6 հոգի դարձավ օրվա հերոս, հաջորդ օրն արդեն մյուս 3-ը։ Օրվա հերոսները ստանում էին կրծքանշաններ։ Հետո նշվում էր, թե որ իմն ամենաշատ օրվա հերոսներ ունի։ Դա վկայում է այն մասին, որ մենք լավ էինք տրամադրված իրար նկատմամբ»։

Մհեր Մարտիրոսյանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Մհեր Մարտիրոսյանը «Պատանի հայրենասերներ» 12-րդ միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Գեղամին շարունակում է Մհերը՝ նշելով, թե որ վարժաձևն է ներկայացրել ինքը։

«Ես պետք է Մակարով ատրճանակը քանդեի ու հավաքեի ժամանակով, իսկ Մալխասյան Ռաֆիկը՝ ԱԿ-74 ինքնաձիգ։ Վարժարանի պատմության մեջ առաջին դեպքն է, որ երկուսս գրավել ենք 1-ին տեղ։ Բացի նրանից որ մեր թիմն էր հաղթել, մենք էլ հաղթեցինք առանձին։ Մենք ապացուցեցինք, որ մեր վարժարանը ոչ միայն թիմով կարողացավ գրավել առաջին տեղը, այլ նաև անհատապես»,- հպարտորեն ներկայացնում է Մհերը։

Վարժարանի սաները Ռազմինֆոյի համար ցուցադրում են իրենց ունակությունները

Վարժարանի սաները Ռազմինֆոյի համար ցուցադրում են իրենց ունակությունները

Տղաներից շատերը բողոքում էին սաստիկ ցրտից, նշելով, որ արևոտ Հայաստանից հետո ռուսական ձմեռը փոքր-ինչ խանգարել է։

«Մենք ֆիզիկական պատրաստությունից չէինք նեղվում։ Դժվարն այն էր, որ պետք է մենք առանձին բոլորի հետ շփվեինք, ծանոթանայինք»,- պատմում է Վիգեն Սարուխանյանը։

«Ինձ համար էլ ամենադժվարը ռուսերենով շփվելն էր, բայց հաղթահարեցի։ Հիմա շատ ընկերներ ունեմ»,- անկեղծանում է Ալեքսանդր Կարապետյանը։

Գուրգեն Մկրտչյանը

Գուրգեն Մկրտչյանը

Հավաքներին Հայաստանը ներկայացնում էր միայն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը, իսկ ահա մասնակից մյուս երկրներից տարբեր թիմեր են եղել, ընդհանուր առմամբ՝ 28 թիմ։

Հայ տղաներին զարմացրել է, որ իրենց հետ մրցումների են եկել նաև աղջիկներ։

«Այնտեղ աղջիկներն էլ են այդ տարիքից սովորում, իսկ մեզ մոտ նման բան չկա»,- պատմում է Հենզել Գրիգորյանը։

«Շատ ուժեղ աղջիկներ»,- ծիծաղելով ընկերոջը հավելում է Հրաչյան։

Ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Ռազմամարզական վարժարանի սանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

«Կային աղջիկներ, ում օգնում էինք, ու բոլորի համար զարմանալի էր, որ հայերն օգնում էին։ Զարմանալի էր նաև, որ մենք կոնֆետ էինք ուտում ու իրենց էլ էինք հյուրասիրում։ Իրենց մոտ ուզելն էր ընդունված, իսկ մեզ մոտ՝ հյուրասիրելը»,- նշում է Գեղամը։

Բացի բուն մրցումներից, մեր տղաները նաև այդ 5 օրերի ընթացքում ներկայացրել են Հայաստանն ու հայկական մշակույթը։

«Հավաքներից մեկի ժամանակ, երբ մայոր Ավագյանը, ով մեր թիմի ղեկավարն էր, երկիրն էր ներկայացնում, ասաց, որ սաներից մեկը՝ Ռաֆիկը Մալխասյան, դուդուկ է նվագում։ Ռաֆիկը նվագեց, բոլորն ապշել էին։ Հետո հարցնում էին, թե ինչից են պատրաստում, ինչպես են նվագում»,- պատմում են տղաները։

«Զարմանում էին, որ մենք պարի ընթացքում ամեն ինչ համահունչ էինք անում։ Բոլորն ուշադիր նայում էին, թե ինչպես ենք պարում, միայն վերջում երբ արդեն հայտարարեցին ծափահարել, դահլիճը թնդաց»,- շարունակում է Հրաչը։

Հրաչյա Առաքելյանը

Հրաչյա Առաքելյանը

«Մենք սովորեցրինք այնտեղի մասնակիցներին Արցախ պարը։ Կարողացանք հայկական մշակույթը լավ ներկայացնել»,- ասում է Գուրգեն Մկրտչյանը։

Տղաները չեն մոռացել նաև ներկայացնել Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի պատմությունն ու ազգային հերոսին։

«Արցախյան պատերազմին անդրադարձանք, Մոնթե Մելքոնյանին։ Ուղղակի պետք է 5 րոպեի մեջ տեղավորվեինք»,- նշում է Գագիկ Մկրտչյանը։

Փորձում ենք ամփոփել զրույցը, քանի որ տղաներից յուրաքանչյուրն իր ծառայությանը պետք է անցներ։ Խոսում ենք ապագայի ու իրենց պատկերացումների մասին։

Վիգեն Սարուխանյանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Վիգեն Սարուխանյանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

«Շնորհակալ եմ վարժարանից, ուսուցչական, սպայական կազմին, քանի որ նրանց շնորհիվ է, որ մենք կարողանում ենք լավ ներկայանալ ու հաղթանակներ բերել։ Ուզում եմ հետախույզ դառնալ։ Հուսամ կկարողանամ Ռուսաստանում սովորել ու վերադառնալ»,- ասում է Հրաչյա Առաքելյանը։

«Ես մանկուց երազել, սիրել եմ զինվորական գործը։ Այստեղ շատ բան սովորեցի, շատ հնարավորություններ ունեցա։ Ռազմական գործով էլ շարունակելու եմ»,- հավելում է Սերգեյ Ղազարյանը։

Սերգեյ Ղազարյանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

Սերգեյ Ղազարյանը «Պատանի հայրենասերներ» միջազգային մրցույթ-հավաքին
Նկարը՝ slet-patriotov59.ru կայքից

«Արժևորում եմ այստեղի ընկերությունը։ Բոլորս բոլորիս մեջքին կանգած ենք։ Եթե ես հիմա դպրոցում սովորեի, հաստատ այսքան հաջողությունների չէի հասնի»,- ընկերոջը լրացնում է Վիգենը։

«Սահմանամերձ Դովեղ գյուղում եմ ապրում, դրա համար եմ ուզում հետախույզի մասնագիտությունն ընտրել։ Հաստատ գյուղ եմ գնալու, ես այնտեղ եմ պետք»,- եզրափակում է Գեղամը։

Տղաները վերջում ցույց են տալիս իրենց մեդալներն ու ծիծաղելով ասում՝ միայն տոնական օրերի համար է։

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սպաները, աջից՝ լեյտենանտ Սարգսյանը

Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի սպաները, աջից՝ լեյտենանտ Սարգսյանը

Հաղթական տասնյակի մասին նրանց սպաներից լեյտենանտ Սարգսյանը վերջում ավելացնում է, որ նրանցից յուրաքանչյուրն արժանի է եղել այդ հաղթանակին։

«Նրանք տարին 12 ամիս պատրաստ են: Մրցումներին իրենց հետ գնում եմ ու տեսնում, որ ոչ մի բանով չեն զիջում իրենց տարեկիցներին ֆիզիկական ու բարոյահոգեբանական պատրաստվածությամբ»,- հավաստիացնում է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի ֆիզպատրաստության պետ, լեյտենանտ Նորայր Սարգսյանը։

One response to “Մեր վարժարանում թույլ մարդ չկա. 10 մոնթեականի հաղթանակի հետքերով (վիդեո, ֆոտո)

  1. Pingback: Մոնթեականը՝ Կուրսկի ճակատամարտին նվիրված համաժողովին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *