Կոսովոյի իշխանություններն ընդունել են սեփական զինված ուժերի ստեղծման մասին որոշում։ Որպես նորաստեղծ բանակի հիմք է ծառայելու երկրում առկա 2 500 հոգանոց անձնակազմ ունեցող անվտանգության ուժերը, որի գործունեության համար պատասխանատու կառույցը կվերաձևավորվի՝ դառնալով պաշտպանության նախարարություն։ Այս մասին հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Կոսովոյի վարչապետ Հաշիմ Թաչին հայտարարել է, որ բանակի ստեղծումը պայմանավորված է երկրի տարածքային ամբողջականությունը սեփական ուժերով ապահովելու անhրաժեշտությամբ։ Համաձայն ընդունված որոշման` Կոսովոյի բանակն ունենալու է 5 000 հոգանոց ակտիվ անձնակազմ և 3 000 հոգանոց պահեստազոր։ Նախատեսվում է, որ սկզբնական շրջանում երկրի ռազմական բյուջեն տարեկան կկազմի շուրջ 90 միլիոն ամերիկյան դոլար, իսկ պաշտպանության նախարարության և զինված ուժերի կազմավորման գործընթացն ավարտին կհասցվի մինչև 2016 թվականը։
Իր հերթին Սերբիայի՝ Կոսովոյի հարցերով նախարար Ալեքսանդր Վուլինը հայտարարել է, որ իր երկիրը հրավիրելու է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստ, որում քննարկման կդրվի բանակ ստեղծելու մասին Կոսովոյի ընդունած որոշումը։ Ըստ Վուլինի, նման որոշումը ուղղակիորեն խախտում է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի ընդունած 1244 բանաձևը, որում հստակ ասվում է, որ Կոսովոյի տարածքում չի կարող լինել որևէ զինված ուժեր, բացի Կոսովոյի անվտանգության ուժերից։ Բացի այդ, սերբական կողմը գտնում է, որ Կոսովոյում բանակի ստեղծումը ուղղակի սպառնալիք է երկրամասի հյուսիսում բնակվող սերբ բնակչության համար։
Ներկայումս երկրամասի անվտանգությունն ապահովում են 2008-ին ստեղծված Կոսովոյի անվտանգության ուժերը (Kosovo Security Forces), որոնց վերապատրաստման հարցում մեծ աջակցություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ն։ Անվտանգության ուժերի առաջնային գործառույթների մեջ է մտնում քաղաքացիական բնակչության անվտանգության ապահովումը։
Հիշեցնենք, որ էթնիկ ալբանացիներով բնակեցված Կոսովո երկրամասն իր անկախությունը Սերբիայից հռչակեց 2008-ին։ Աշխարհի մի շարք պետություններ շտապեցին ճանաչել Կոսովոյի անկախությունը, սակայն որոշներն էլ՝ որոնց թվում են նաև Ռուսաստանն ու Չինաստանը, շարունակում են պնդել, որ Կոսովոն Սերբիայի անբաժան մասն է և անկախությունը հռչակվել է միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներով։