Ռազմաշաբաթ. Թուրքիա. մարտի 2-8

Թուրքիան Ալթայ տանկի համար ճապոնական շարժիչներ չի օգտագործի, թուրքական զրահամեքենաներ՝ ՄԱԿ-ին, ուղղաթիռի վրա՝ թուրքական հակատանկային հրթիռային համակարգ, թուրքական զինուժի թվաքանակը հայտնի է և այլն։

” Թուրքիան հրաժարվել է տեղական արտադրության առաջին տանկի՝ Ալթայի համար Ճապոնիայի հետ համատեղ շարժիչների արտադրությունից, ինչը կապված է ճապոնական կողմի սահմանափակումների հետ. ճապոնական շարժիչներով տանկերը Թուրքիան չէր կարողանալու արտահանել այլ երկրներ։ ՆերկայումԹուրքիան այլ տարբերակներ է փնտրում։

” Թուրքական Օթոքար ընկերությունը հաղթել է ՄԱԿ-ի հայտարարած մրցույթում և պատրաստվում է կազմակերպությանը մատակարել իր արտադրած Կոբրա զրահամեքենաներ՝ խաղաղապահ առաքելություններում օգտագործելու համար։ Կողմերը կնքելու են 24.6 մլն ամերիկյան դոլարի պայմանագիր։ Չի նշվում, թե քանի զրահամեքենա է փոխանցելու ՄԱԿ-ին։

” Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 8 միավոր F-16 կործանիչներն օդ են բարձրացվել, երբ ռուսաստանյան օդուժի Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռը Թուրքիայի օդային սահմանի մոտակայքով թռիչք է իրականացրել։ 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ևս Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ակտիվ հետախուզական թռիչքներ էր իրականացնում Թուրքիայի սևծովյան հատվածում։

” Թուրքիայի զինված ուժերի անձնակազմը 2014-ի մարտի դրությամբ շուրջ 652 հազար մարդ է։ Փետրվարի դրությամբ թուրքական զինուժը 590 հազար մարդ էր, ինչը կապված էր այս տարվա հունվարից Թուրքիայի զինուժի պարտադիր ժամկետային զինծառայության ժամկետը 15 ամսից 12 ամիս դարձնելու հետ։

” Թուրքիայում առաջին անգամ փորձարկել են հարվածային ուղղաթիռների վրա տեղադրված Mızrak-U (Մըզրաք-Ու) հակատանկային հրթիռային համակարգերը։ Թուրքական Ռոքեթսան ընկերության արտադրած հրթիռները փետրվարի 28-ին փորձարկվել են Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի AH-1S ուղղաթիռներով։ Mızrak-U հակատանկային համակարգերով Թուրքիայում պատրաստվում են զինել թուրք-իտալական արտադրության T-129 Atak ուղղաթիռները։

Ռազմաշաբաթը նաև՝ 

Հայաստանում

Ադրբեջանում

Վրաստանում

Իրանում