Զաքիր Հասանովը «մաքրում է» զինուժը նախկին նախարարի կադրերից

2013-ի հոկտեմբերի 22-ից ի վեր որպես պաշտպանության նախարար պաշտոնավարող Զաքիր Հասանովը դեռևս անցյալ տարվանից կտրուկ կադրային փոփոխություններ էր կատարում, որոնց «զոհը» հիմնականում նախկին նախարար, շուրջ 18 տարի պաշտոնավարած Սաֆար Աբիևի մտերիմ զինվորականներն էին։

Օրերս հայտնի է  դարձել, որ Հասանովը շարունակում է համանման փոփոխությունները նաև ընթացիկ տարում։ Ավելին, հարցը չի փակվում միայն պաշտոնից հեռացմամբ, կաշառակերության հոդվածով բարձրաստիճան զինվորականների նկատմամբ միմյանց հետևից քրեական գործեր են հարուցվում։

Այսպես, օրեր առաջ ձերբակալվել է Ադրբեջանի ռազմածովային ուժերի պարենային ծառայության ղեկավար, փոխգնդապետ Հաֆիզ Բաուշևը։ Նրան մեղադրանքներ են ներկայացվել պաշտոնական դիրքի չարաշահման և պետական գույքի սեփականացման հոդվածներով։

Նկատենք, որ Բաուշևը հայտնի էր որպես Ադրբեջանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Շահին Սուլթանովի մտերիմներից մեկը, Սուլթանովն էլ իր հերթին Սաֆար Աբիևի կադրերից է։

Հարկ է նշել նաև, որ Սաֆար Աբիևի հեռացումից հետո լուրեր շրջանառվեցին՝ Սուլթանովի դիրքերը խարխլվում են,։ Բացի այդ, ոչ պաշտոնական աղբյուրները գրեցին, որ կադրային փոփոխությունների շրջանակներում դրվել է Շահին Սուլթանովի հեռացման հարցը։ Ադրբեջանի ՊՆ-ից շտապեցին հերքել այս լուրը։

Այնուհանդերձ, ներկայումս Ադրբեջանի ՌԾՈւ-ում հեռացումների և ձերբակալությունների նոր ալիք է։ Վերջերս ձերբակալվել են ՌԾՈւ թիկունքային ապահովման ծառայության պետ, փոխգնդապետ Հուսեյնով Սեյֆի Ռամազան օղլուն, նաև Աբիևի կադրերից ևս մեկը՝ պահեստային ուժերի միչման, Kod555 մականունով Էլհան Գաջիևը։

Բացի այդ, ՌԾՈւ-ի բնակարանային ապահովման վարչության բաժիններից մեկի պետի պաշտոնից հեռացվել ու ձերբակալվել է Գաջիևի որդին։ Բոլոր երեքին մեղադրել են կաշառակերության հոդվածներով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *