Guardian ուղղաթիռները սկսել են սերիական արտադրությունը

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը թույլատրել է ամերիկյան Boeing ընկերությանը նոր հարվածային AH-64E Guardian ուղղաթիռների սերիական արտադրություն սկսել։

Միաժամանակ ԱՄՆ զինված ուժերն արտադրողի հետ կնքել է պայմանագիր, որով ընկերությունը պիտի զինված ուժերին տրամադրի 10 միավոր AH-64E Guardian (Գարդիան) ուղղաթիռներ, ինչպես նաև մինչև AH-64E մակարդակի արդիականացնի զինված ուժերի սպառազինության մեջ առկա 72 միավոր AH-64D Apache (Ապաչ) ուղղաթիռներ։ Այս մասին հայտնում է flightglobal.com կայքը։

Ուղղաթիռների գնման ու արդիականացման համար ԱՄՆ զինված ուժերը նախատեսում է Boeing ընկերությանը տրամադրել 1,16 մլրդ ամերիկյան դոլար։ Արդիականացումն ու 10 նոր ուղղաթիռների արտադրությունը ընկերությունը պիտի ավարտի մինչև 2016-ի հունիս։

AH-64D Guardian ուղղաթիռների փոքրաթիվ արտադրություն Boeing ընկերությունը սկսել էր դեռևս 2011-ի ապրիլին, իսկ առաջին ուղղաթիռը ԱՄՆ զինված ուժերին տրամադրել էր 2012-ի հոկտեմբերին։ Ընդ որում, ընկերության առաջին փոքրաքանակ արտադրությունից ստացված 51 ուղղաթիռներից 28-ը հանձնվել է ամերիկյան զինված ուժերին։

Այն ժամանակ ուղղաթիռը դիտարկում էին որպես AH-64D Apache ուղղաթիռի արդիականացում, այն կրում էր AH-64D Block III անվանումը։ Սակայն ուղղաթիռի հետագա արդիականացումից հետո ԱՄՆ զինված ուժերի հրամանատարությունը որոշեց նրան տալ առանձին անվանում։

Նոր ուղղաթիռի վրա արդիականացման արդյունքում տեղադրվել են թռիչքի ղեկավարման ու գիշերային ժամերին գործողություններ կատարելու սարքավորումներ։ Ուղղաթիռը հնարավորություն է ստացել նաև ղեկավարել մի քանի անօդաչու թռչող սարքերի միաժամանակ, ինչպես նաև նրանցից ստանալ ու նրանց հաղորդել տեղեկություններ։

Boeing AH-64E Guardian ուղղաթիռ ունի մոտ 5 տոննա զանգված, իսկ առավելագույն ծանրաբեռնվածությամբ զանգվածը հասնում է 10,5 տոննայի։ Անձնակազմը 2 հոգի է։ Ուղղաթիռը կարող է զարգացնել մինչև 300 կմ/ժ արագություն, մարտական կիրառման առավելագույն հեռավորությունը 480 կմ է։ Զինված է 30 մմ ավտոմատ թնդանոթով, ունի հրթիռների ու այլ սպառազինության 4 կախոց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *