Մալիում տեղի ունեցած հեղաշրջումը զինվորականներն անվանում են երկրի ղեկավարության կողմից բանակի խնդիրներին պատշաճ լուծում չտալու հետևանք: Նշենք, որ Մալիում մարտի 22-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջում. բանակը գրավել է մայրաքաղաք Բամակոյում գտնվող նախագահական նստավայրը:
Զինվորականների բողոքի պատճառ է դարձել երկրի հյուսիսում ծագած ապստամբությունը կանխելու համար նրանց հատկացված ռազմամթերքի քիչ քանակը:
Armstrade.org-ի տվյալներով՝ Մալիիի 2010թ. ռազմական բյուջեն կազմել է մոտ 192 մլն դոլար. ռազմական ծախսերը կազմել են երկրի ՀՆԱ-ի 2.04 տոկոսը:
Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զինվորականները մայրաքաղաքի փողոցներում ջարդեր են սկսել, գրավել և ավերում են նախագահի նստավայրն ու գերատեսչական այլ շենքեր:
Երեկ երեկոյան ՄԱԿ-ի ԱԽ-ն հայտարարություն է ընդունել, որով ապստամբներին կոչ են անում ապահովել նախագահ Ամադ Տուման Տուռեի անվտանգությունը և վերադառնալ զինվորական զորամասեր: ՄԱԿ-ի ԱԽ-ն նաև պահանջել է ազատ արձակել բոլոր ձերբակալվածներին: