ՌԴ օդուժի Մի-8 ուղղաթիռը խախտել է վրացական օդային տարածքը. Վրաստանի ԱԳՆ

Վրաստանի արտգործնախարարությունը մարտի 6-ին հայտարարություն է տարածել, որի համաձայն Թբիլիսիի ժամանակով 12։20-ի սահմաններում ՌԴ օդուժի Մի-8 ռազմական ուղղաթիռը խախտել է Վրաստանի օդային սահմանը՝ թռիչք կատարելով Ցխինվալի շրջանից։

ՌԴ օդուժի Մի-8 ուղղաթիռ

Ինչպես հետևում է Վրաստանի ԱԳՆ-ի հաղորդագրությունից, ՌԴ ՌՕՈւ Մի-8 ուղղաթիռը թռիչքներ է կատարել Վրաստանի Գորիի և Կասպի շրջանների օդային տարածքներում տեղակայված ՆԳՆ և ոստիկանության մասնաշենքերի վերևում՝ չունենալով համապատասխան թույլտվություն։

Նկատենք, որ ըստ հաղորդագրություն՝ Վրաստանի ԱԳՆ-ն խստորեն դատապարտում է անկախ պետության օդային տարածք ներխուժելու ՌԴ-ի ապօրինի փորձերը և անհանգստություն է հայտնում սույն փաստի կապակցությամբ։

Ռուսաստանի պատկան մարմիններն այս պահի դրությամբ դեռևս չեն արձագանքել։

Հիշեցնենք, որ 2008-ի ռուս-վրացական պատերազմից հետո ռուս-վրացական հարաբերությունների վատթարացման հետևանքով ռուսաստանյան ինքնաթիռներն ըստ պաշտոնական տվյալների Վրաստանի օդային տարածքում չեն հայտնվել 2008-ի օգոստոսից։

Դեռևս 2014-ի հունվարի 15-ին լուրեր էին շրջանառվել, որ ՝ Ռուսաստանի ռազմաօդային ուժերի «Ռուսկիե վիտյազի» ավիախումբը Բահրեյն ուղևորվելու ճանապարհին անցել էր Վրաստանի օդային տարածքով։ Սակայն վրացական «Գրուզաերոնավիգացիա» ԲԲԸ-ն ժամեր անց հանդես էր եկել հաղորդագրությամբ՝ հերքելով թե´ ՌԴ ավիացիոն խմբի՝ վրացական օդային տարածք մուտք գործելու, թե´ հունվարի 20-ին նույն փորձը կրկնելու վերաբերյալ շրջանառվող լուրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *