Իրադրությունը Ղրիմում. մարտի 7. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը։

Արդյունքում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։

14։42 ” ԱՄՆ ռազմածովային USS Truxtun հրթիռային ականակիրն անցել է Բոսֆորի նեղուցը և մտել Սև ծով։ Ավելի վաղ այն խարիսխ էր գցել Հունաստանի ափերին։ Պաշտոնապես ամերիկյան ռազմանավը Ռումինիայի և Բուլղարիայի ռազմածովային ուժերի հետ պետք է մասնակցի զորավարժությունների, թեև նավարկությունն այլ կերպ է ընկալվում Ուկրաինայի շուրջ իրավիճակի համատեքստում։

***

14:00 ” Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ Ռուսաստանին տրամադրվելիք երկու Միստրալ ուղղաթիռակիրների պայմանավորվարծությունն ուժի մեջ է։ Օլանդը նշել է, որ Ֆրանսիան շարունակելու է կատարել իր ստորագրած պայմանագրի պայմանները։ Ռուսաստանը Ֆրանսիային Միստրալ ուղղաթիռակիրներ էր պատվիրել 2011 թվականին։ Գործարքը կազմում էր շուրջ 1 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ առաջին ուղղաթիռակիրը ՌԴ ռազմածովային ուժերի կազմում կընդգրկվի այս տարվա հոկտեմբերին։

***

12։32 ”  Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը մարտի 5-ի երեկոյան Ուկրաինայում Ռուսաստանի դեսպանությունից պահանջել է հաստատել, որ Ղրիմում՝ ՌԴ սևծովյան նավատորմի տեղակայման վայրերից դուրս, չկան ՌԴ զինված ուժերի զինծառայողներ։ Այս մասին մարտի 6-ի երեկոյան ճեպազրույցում հայտնել է Ուկրաինայի ԱԳՆ տեղեկատվական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Եվգենի Պերեբիյնիսը։

***

11:35 ” Պաշտոնական Վաշինգթոնը հրաժարվել է ճանաչել Ղրիմում մարտի 16-ին կայանալիք հանրաքվեն, որով որոշվելու է թերակղզու՝ Ռուսաստանին միանալ-չմիանալու հարցը։ ԱՄՆ-ն նշել է, որ միայն Կիևի օրինական կենտրոնական իշխանության մասնակցությամբ որոշումները կհամարի օրինական։

***

11։30 ” Կանադայի իշխանությունները երկրում ռազմակրթական նպատակներով ծառայություն անցնող ռուսաստանցի բոլոր 9 զինծառայողներին տվել են 24 ժամ՝ Կանադայից հեռանալու համար։ Նման քայլի պատճառը ՌԴ-ի պաշտոնական դիրքորոշումն է Ուկրաինայի հարցում և Ղրիմի՝ ՌԴ-ի կազմում ընդգրկվելու որոշումը։

Ավելի վաղ՝ 

Իրադրությունը Ղրիմում. մարտի 3. թարմացվող լրահոս

Իրադրությունը Ղրիմում. մարտի 4. թարմացվող լրահոս

Իրադրությունը Ղրիմում. մարտի 5. թարմացվող լրահոս

Իրադրությունը Ղրիմում. մարտի 6. թարմացվող լրահոս

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *