Ադրբեջանի կառավարությունն օրերս ներկայացրել է 2013-ի տարեկան ամփոփիչ զեկույցը, որտեղ ներառված են նաև մանրամասներ 2013-ին Ադրբեջանի անվտանգության և պաշտպանական համակարգերում ծախսված գումարների վերաբերյալ։
Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, զեկույցում նշված է, որ Ադրբեջանի զինված ուժերում, ռազմականացված այլ կառույցներում օրենքի սահմաններում զենք-զինամթերքի, հանդերձավորման, նյութատեխնիկական ապահովման, սահմանների պահպանության ուժեղացման գործընթացի, զինծառայողների սոցիալական ապահովվածության վրա ծախսվել է 3 մլրդ ադրբեջանական մանաթ (շուրջ 3 մլրդ 819 մլն ԱՄՆ դոլար)։
Ընդ որում, նշված 3 մլրդ մանաթից 116.97 մլն մանաթը (148 մլն ԱՄՆ դոլար) հատկացվել է զորամասերում շինարարական աշխատանքների և զինավանների կառուցման համար։ Համաձայն զեկույցի՝ 24 զինավաններում կատարվել են շինարարական աշխատանքներ, 26-ում՝ հիմնարար վերանորոգում, 19-ում ներկայումս ընթանում է վերանորոգում։