102-րդ ռազմաբազայի հրետանավորները կրակային պատրաստություն են անցնում

Գյումրիում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի շուրջ 400 զինծառայող դաշտային վարժանքներ են իրականացնում։ Վարժանքներն անցնում են բարձրլեռնային Ալագյազ զորավարժարանում։

Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգ

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ պաշտոնական կայքը։

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զինծառայողները մեկ ամսվա ընթացքում գործնական պարապունքներ են իրականացնելու ծովի մակարդակից 2200 մետր բարձրության վրա։ Պարապունքների ընթացքում օգտագործվելու են ավելի քան 100 միավոր զինտեխնիկա։

Զորավարժության ժամանակ զինծառայողները սովորելու են կրակել 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգից, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանից, Պոդնոս ականանետերից, ինչպես նաև Կոնկուրս հակատանկային համակարգերից։

Հայտնի է նաև, որ գործնական պարապունքների 50 տոկոսն անցնելու են գիշերվա ընթացքում։ Մեկ գործնական օրվա տևողությունը 10 ժամ է։

Հավելենք նաև, որ հատուկ ուշադրություն է դարձվելու կրտսեր հրամանատարների պատրաստությանը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազան տեղակայվել է 1995 թվականին Գյումրիում: Իրականացնում է մարտական հերթապահություն ԱՊՀ ՀՕՊ Միասնական համակարգի շրջանակներում։ Պայմանագիրը նախապես կնքվել էր 25 տարի ժամկետով, որից հետո 2010 թվականին ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի այցի ժամանակ այն երկարաձգվել է ևս 49 տարով 2044 թվականը։

Բազան հագեցած է Սմերչ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, Բուկ, Ստրելա-10 և Ս-300Վ զենիթահրթիռային, Կոնկուրս հակատանկային համակարգերով, Գրադ համազարկային կրակի ռեակտիվ կայանով, 2Ս1 Գվոզդիկա ինքնագնաց հրետանային համակարգով, ԲՄՊ-2 հետևակի մարտական մեքենայով, Տ-72Բ տանկով, ինչպես նաև ՄԻԳ-29 կործանիչներով։ Անձնակազմը բաղկացած է մոտ 5 հազար հոգուց։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *