ՀԱՊԿ անդամ երկրների ռազմական խորհրդի նիստի մասնակիցները մարտի 5-ին քննարկել են Արագ արձագանքման միասնական ուժերի մարտական պատրաստվածության աստիճանը և միասնական հակաօդային պաշտպանության համակարգ ստեղծելու հնարավորությունները։
Այս մասին ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդել է ՀԱՊԿ ռազմական խորհրդի նախագահ, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։
«Մենք վերլուծել ենք ստեղծված ռազմաքաղաքական իրադրությունը տարածաշրջանում, հարցեր ենք քննարկել, որոնք վերաբերում են տարբեր ստորաբաժանումների մարտական պատրաստվածության աստիճանին, նաև ծրագրերը՝ միասնական հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգի ստեղծման վերաբերյալ»,-նշել է Գերասիմովը։
Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում և Ղրիմում ստեղծված իրավիճակը ևս չի շրջանցվել նիստի ժամանակ, սակայն Ուկրաինային վերաբերող բոլոր հարցերը քննարկվել են բացառապես փակ նիստի ձևաչափով։
Հիշեցնենք, որ ՀԱՊԿ-ն ստեղծվել է ԱՊՀ երկրների կողմից 1992-ի մայիսի 15-ին։ Այժմ ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։