Առաջիկայում նախատեսվում են ևս երեք հրթիռների փորձնական արձակումներ, որոնք կիրականացվեն Ռուսաստանի տարածքից և պետք է խոցեն Ղազախստանի տարածքում զորավարժարանում ենթադրյալ թիրախները։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «Ռիա Նովոստի» լրատվական գործակալությունը, այս մասին հայտնել են Ղազախստանի պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ երեք արձակումներն էլ ծրագրված է ի կատար ածել մարտ ամսին։
Հավելենք նաև, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն իր հերթին հայտարարել է, որ առաջիկայում ակնկալվում են մի քանի վարժանքներ, որոնք կանցկացվեն հանկարծակիության սկզբունքով, ինչպես և իրականացվել էր փետրվարի 26-ին, երբ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով հանկարածակի տագնապով ոտքի էին հանվել ՌԴ զինված ուժերի արևմտյան և կենտրոնական ռազմական օկրուգների զորքերը, տիեզերական պաշտպանության, օդադեսանտային, ռազմական բեռնատար ավիացիայի հրամանատարությունը։
Հիշեցնենք, որ ՌԴ Աստրախանի շրջանի՝ Ուկրաինայի սահմանից 450 կմ հեռավորության վրա տեղակայված «Կապուստին Յար» (ռուս՝ Капустин Яр) զորավարժարանից մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով 22։10-ի սահմաններում, ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մասնակցությամբ արձակվել էր ՌՍ-12Մ Տոպոլ (ռուս՝ РС-12М Тополь) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։
Նկատենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել էր՝ ԱՄՆ-ի համար ամենևին անակնկալ չէր վերոհիշյալ փորձարկումը, ամերիկյան կողմն այն ծրագրային է համարում, քանի որ «թե´ Ռուսաստանը, թե´ ԱՄՆ-ն պարբերաբար փորձարկում են իրենց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները»։