Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսսենը մարտի 5-ին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստվում է վերանայել ՌԴ-ի հետ իր ունեցած հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ կապված Ուկրաինայի հարցում Ռուսաստանի դիրքորոշման և Ուկրաինայի տարածքում ՌԴ ԶՈւ զինծառայողների առկայության հետ։
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, ՌԴ-ի հետ հարաբերությունների «վերանայումը» ենթադրում է առաջին հերթին Սիրիայից քիմիական զենքի դուրսբերման ու ոչնչացման արդեն իսկ մեկնարկած գործընթացում ՌԴ-ի հետ համագործակցության կասեցումը։
Միաժամանակ, Ռասմուսսենը հայտարարել է, որ իրենք այսուհետ առավել սերտ հարաբերություններ են հաստատելու Ուկրաինայի նոր իշխանությունների, ինչպես քաղաքացիական անձանց, այնպես էլ զինվորականների հետ։
Բացի այդ, նույն օրը՝ մարտի 5-ին, Ուկրաինայհ «Բատկիվշչինա» կուսակցությունը Գերագույն Ռադայի քննարկմանն է ներկայացրել մի օրինագիծ, որը ենթադրում է Ուկրաինայի անդամակցումը ՆԱՏՕ-ին։
ՌԴ-ի արձագանքը սպասեցնել չի տվել. ռուսաստանյան դիվանագետները մեղադրել են ՆԱՏՕ-ին Ռուսաստանի նկատմամբ «սառը պատերազմի չափորոշիչներ» կիրառելու համար։
Հիշեցնենք, որ ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունները սրվել են, երբ ՌԴ Դաշնությունների խորհուրդը 2014-ի մարտի 1-ին որոշել էր ընթացք տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը Ուկրաինայի բնակիչ ռուսների և Ուկրաինայում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով զորքեր մտցնելու վերաբերյալ։ Մի քանի պետություններ սառեցրել են Սոչիում անցկացվելիք G8 գագաթաժողովին նախապատրաստությունը։
Այս իրադարձություններին հետևել էին Կանադայի և ԱՄՆ-ի՝ ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության կասեցման որոշումները։