Ուսումնամարտական Յակ-130-ը կստանա թեթև հարվածային ինքնաթիռի կարգավիճակ

Ռուսաստանյան արտադրության հանրահայտ Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները նախատեսվում է համալրել տեղորոշիչով, ինչի արդյունքում այն կստանա հարվածային թեթև ինքնաթիռի կարգավիճակ։ Տեղորոշիչով օժտված Յակ-130-ի նմուշը դրական մեծ արձագանքների է արժանացել 2014-ի փետրվարին Սինգապուրում կայացած ավիացուցահանդեսին։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռ. ՌԴ ՌՕՈւ

Ինչպես գործակալության թղթակցին է հայտնել ավիացիոն տեղորոշիչների արտադրությունն իրականացնող գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Յուրի Բելին, նոր կարգավիճակի ստանձնումը դրական ազդեցություն կունենա նաև միջազգային շուկայում ինքնաթիռի նկատմամբ ցուցաբերվող հետաքրքրության աճի առումով։

Բացի այդ, մի շարք փոփոխությունների է ենթարկվելու նաև Յակ 130-ի (ռուս.՝ Як-130) բորտ-էլեկտրոնային համակարգը, որն ամբողջությամբ թվայնացվելու է, ինչի շնորհիվ ինքնաթիռն իր բնույթով էլ ավելի կնմանվի չորրորդ սերնդի կործանիչի, թեկուզև այդպիսինը չի հանդիսանում։

Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռը նախատեսված է օդաչուների՝ ինչպես ինքնաթիռի կառավարման, այնպես էլ օդային և ցամաքային թիրախների խոցման հմտությունների հղկման համար։ Երկու հոգանոց անձնակազմ ունեցող և 1060 կմ/ժ առավելագույն արագություն զարգացնող ուսումնամարտական ինքնաթիռը սպառազինությունում ունի 23 մմ-անոց հրանոթներ, կառավարվող և չկառավարվող հրթիռներ ու ռումբեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *