ԱՄՆ պաշտպանության նախարարությունը մտադիր է 2015 ֆինանսական տարում սպառազինության գնումների համար հատկացնել շուրջ 154 միլիարդ ամերիկյան դոլար։ Թիվը որքան էլ աստղաբաշխական է, այդուհանդերձ այն 3.6 տոկոսով քիչ է նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին հաղորդում է DefenseNews ռազմական լրատվակայքը։
Մարտի 4-ին Պենտագոնն ԱՄՆ Կոնգրեսի քննարկմանն է ներկայացրել ռազմական բյուջեի օրինագիծը, որում ընթացիկ ռազմական ծախսերի հետ մեկտեղ արտացոլված են նաև սպառազինության այն տեսակներն ու քանակը, որոնք Պենտագոնը պլանավորում է ձեռք բերել 2015-ին։
Ըստ այդմ, բանակի սպառազինությունը նախատեսվում է համալրել 26 միավոր AH-64E Apache հարվածային ուղղաթիռներով (600 միլիոն դոլար), 26 միավոր UH-60M Black Hawk բազմաֆունկցիոնալ ուղղաթիռներով (500 միլիոն դոլար) և 2 միավոր CH-47F Chinook ծանր տրանսպորտային ուղղաթիռներով (100 միլիոն դոլար)։
Բացի այդ, նախատեսվում է 2.7 միլիարդ դոլարով գնել 8 միավոր ծովային հետախուզության P-8 Poseidon ինքնաթիռ, 10 միավոր C-130J Super Hercules տրանսպորտային ինքնաթիռ, երկու միավոր հինգերորդ սերնդի F-35 կործանիչ և 12 հարվածային անօդաչու։
Նշենք, որ սպառազինության պատրաստի նմուշների գնումից բացի, զգալի գումարներ կուղղվեն նաև տարբեր նախագծերի ֆինանսավորմանը, որոնց թվում են ատոմային ռազմավարական սուզանավերը, հեռահար ռմբակոծիչներն ու լիցքավորող ինքնաթիռները։
Հավելենք նաև, որ ֆինանսական միջոցների խնայողության նպատակով առաջարկվել է 2015-ին ԱՄՆ զինուժի շահագործումից հանել U-2 Dragon Lady հետախուզական ինքնաթիռները, OH-58D Kiowa Warrior հետախուզական ուղղաթիռներն ու A-10 Thunderbolt II գրոհիչ ինքնաթիռները։