ՌԴ-ն փորձարկել է ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

ՌԴ Աստրախանի շրջանի՝ Ուկրաինայի սահմանից 450 կմ հեռավորության վրա տեղակայված «Կապուստին Յար»  (ռուս՝ Капустин Яр) զորավարժարանից մարտի 4-ին Մոսկվայի ժամանակով 22։10-ի սահմաններում, ՌԴ ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի մասնակցությամբ արձակվել է ՌՍ-12Մ Տոպոլ (ռուս՝ РС-12М Тополь) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։

ՌՍ-12Մ Տոպոլ (РС-12М “Тополь”) միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի արձակումը

Ինչպես ռուսաստանյան «ԻՏԱՌ ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը հաղորդում է ՌԴ ՊՆ մամուլի և տեղեկատվության վարչությունը, արձակման նպատակը բալիստիկ հրթիռների մարտական կիրառության ստուգումն էր։ Արդյունքում հրթիռի ուսումնամարտական մասը նախատեսված դիպուկությամբ խոցել է Ղազախստանում «Սարը Շահան» զորավարժարանի ենթադրյալ թիրախը։

ՌԴ ՊՆ-ից շեշտել են, որ փորձարկումն իր տեսակի մեջ եզակի էր։

Նշենք, որ ՌՍ-12Մ Տոպոլ հրթիռն ունակ է խոցել թիրախներ մինչև 10 հազար կմ հեռավորության վրա, այն կարող է կրել  550 կգ կշռող միջուկային մարտագլխիկ։

Նկատենք, որ ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է՝ ԱՄՆ-ի համար ամենևին անակնկալ չէր վերոհիշյալ փորձարկումը, ամերիկյան կողմն այն ծրագրային է համարում, քանի որ «թե´ Ռուսաստանը, թե´ ԱՄՆ-ն պարբերաբար փորձարկում են իրենց միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները»։

One response to “ՌԴ-ն փորձարկել է ՌՍ-12Մ Տոպոլ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը

  1. Pingback: ՌԴ-ն իրականացրել է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի հաջող արձակում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *