ՌԴ հետախուզական ինքնաթիռը թռիչք է կատարել Թուրքիայի սևծովյան ափերով

Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերի 8 միավոր F-16 կործանիչներն օդ են բարձրացվել, երբ ռուսաստանյան օդուժի Իլ-20Մ հետախուզական ինքնաթիռը Թուրքիայի օդային սահմանի մոտակայքով թռիչք է իրականացրել։

Այս մասին տեղեկացնում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պաշտոնական կայքը ևս հաստատել է տեղեկությունը։

Իլ-20Մ. ՌԴՌՕՈւ

Իլ-20Մ. ՌԴՌՕՈւ

Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին ևս Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն ակտիվ հետախուզական թռիչքներ էր իրականացնում Թուրքիայի սևծովյան հատվածում։ ՌԴ ռազմական ինքնաթիռների թիչքների ժամանակ թուրքերը մշտապես օդ էին բարձրացնում մի քանի F-16 կործանիչներ՝ խանգարելու Իլ-20Մ-ի աշխատանքին և վերահսկելու նրա թռիչքը։ 2014 թվականին ռուսաստանյան հետախուզական ինքնաթիռի թռիչքների մասին թուրքական պաշտոնական շրջանակները տեղեկություն դեռ չէին տարածել։

«Ռոյթերսն» իր հերթին ռուսական Իլ-20Մ-ի թռիչքը կապում է Ուկրաինայում սրված իրավիճակի և Ղրիմում զարգացումների հետ։ Թուրքիան պաշտոնապես հայտարարել է, որ կողմ է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, այսինքն՝ դեմ է Ղրիմի հնարավոր առանձնացմանը, ինչպես նաև նշել է, թե ուշադրության կենտրոնում է պահում Ղրիմի թաթարների հարցը, ովքեր թերակղզու բնակչության 12-15 տոկոսն են կազմում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *