Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղը հերթական անգամ կանխել է ծովահենների հարձակումները՝ կանխարգելելով Կարմիր ծովում նավթի պաշարներ կրող երկու իրանական տանկերների բռնագրավումը։
Ինչպես հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը, հղում տալով Իրանի ՌԾՈւ հրամանատար, փոխծովակալ Հաբիբոլա Սայարիի խոսքերին, ծովահենները երկու արագընթաց կատերներով փորձել էին մոտենալ իրանական տանկերներին Բաբ էլ-Մանդեբի նեղուցի մոտակայքում։ Իրանական ՌԾՈւ նավաստիներին հաջողվել է հարձակման անցնել ու հարկադրել ծովահեններին նահանջել՝ դուրս գալով իրանական ջրային տարածքներից։ Տանկերներն իրանական ռազմանավերի ուղեկցությամբ հասցվել են նախապես պայմանավորված նավակայան։
Սայարին նաև մանրամասնել է, որ 2014-ի փետրվարի ընթացքում Իրանի ՌԾՈւ-ն կանխել է ծովահենների մեկ տասնյակից ավելի հարձակումներ, իսկ իրանական ռազմանավերի օգնությանն այդ հարցով դիմել են 2 հազար նավերի անձնակազմեր։
Հիշեցնենք, որ Իրանի ՌԾՈւ ծովակալ Ալի Վաթանդարի ավելի վաղ հնչած հայտարարության համաձայն՝ վերջին 3 տարվա ընթացքում ավելի քան 3 հազար միավոր քաղաքացիական նավեր իրանական ռազմանավերի ուղեկցությամբ հասցվել են անվտանգ նավահանգիստներ, իսկ ծովահենների 147 խոշոր հարձակումներ, որոնք ուղղված են եղել հիմնականում առևտրային ու նավթային տանկերների բռնագրավմանը, կանխվել են։ Որոշ դեպքերում էլ իրանական նավատորմին հաջողվել է ձերբակալել ծովահեններին, որոնց նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Հավելենք նաև, որ 2014-ի փետրվարի կեսերին ծովահենների թվով 7 նավեր հարձակում էին իրականացրել Կարմիր ծովում Իրանին պատկանող առևտրային նավի վրա, սակայն Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղին հաջողվել էր հակահարված տալ նրանց։
Նկատենք, որ Կարմիր ծովում պարեկության և ծովահենների դեմ պայքարի պատրվակով 2011-ի ապրիլի վերջին Իրանն իր ռազմանավերն ու սուզանավ էր ուղարկել Կարմիր ծով, ինչն էլ հանգեցրել էր ԱՄՆ-ի և Իսրայելի անհանգստությանը։ Արդյունքում սուզանավն ուղարկվել էր միայն 2011-ի հունիսի կեսին։
Իրանը Կարմիր ծովում ուժեղացրել է պարեկությունը դեռևս 2008-ին, երբ Եմենի ծովահեններն առգրավել էին իրանական Delight բեռնատար նավը։
Հարկ է նշել՝ չնայած մի շարք պետություններ ԱՄՆ ծովային ուժերի գլխավորությամբ համատեղ պարեկություն են իրականացնում Կարմիր ծովում, Իրանը մինչ օրս չի միացել այդ կոալիցիային և սեփական ուժերով է ապահովում անվտանգությունն այս ջրային տարածքներում։