«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը։
Արդյունքում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներն, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։ Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։
15։00 — Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է լրագրողներին, որ համացանցում շրջանառվող Ղրիմից լուսանկարներն, ուր պատկերված են առանց տարբերանշանների ռուսական բանակի համազգեստով զինծառայողներ, սադրանք են։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք ներկայումս Ղրիմի տարածքում կան ՌԴ ԶՈւ զինծառայողներ, Շոյգուն կարճ պատասխանել է. «Ոչ, բացարձակապես չկան»։ Նա հավելել է, որ պատկերացում չունի, թե Ղրիմի «ինքնապաշտպանական ուժերի» մոտ ինչպես են հայտնվել ռուսաստանյան «Տիգր» ու «Ռիս» զրահամեքենաները։
* * *
13։00 ” Մարտի 4-ին տեղեկություններ են տարածվել, որ Ուկրաինայի ռազմածովային ուժերի «Գետման Սագաիդաչնի» (укр. «Гетьман Сагайдачний») ֆրեգատն անցել է Բոսֆորի նեղուցը և շարժվում է դեպի Օդեսսա։ Ուկրաինական ռազմանավի վրա աչքի է ընկել խոշոր չափերի ուկրաինական դրոշը։ Նշենք, որ «Գետման Սագաիդաչնի» նավը պետք է մասնակցեր ՆԱՏՕ-ի զորավարժություններին Կարմիր ծովում և Ադենի ծոցում, սակայն Ուկրաինայում իրավիճակի սրման պատճառով վերադառնում է Օդեսսա։
* * *
11:30 ” Կանադան որոշում է ընդունել կասեցնել ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Սառեցվել են երկկողմ ռազմատեխնիկական, ռազմակրթական և առհասարակ ռազմական ոլորտին առնչվող բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել էին Ռուսաստանի և Կանադայի պաշտպանության նախարարությունների միջև։ Որպես պատճառ է նշվել ՌԴ զինված ուժերի զինծառայողների և ռազմական տեխնիկայի առկայությունն է Ուկրաինայի տարածքում։