Կանադան կասեցրել է ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ

Մարտի 4-ին հայտնի է դարձել, որ Կանադան որոշում է ընդունել կասեցնել ռազմական համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Սառեցվել են երկկողմ ռազմատեխնիկական, ռազմակրթական և առհասարակ ռազմական ոլորտին առնչվող բոլոր պայմանագրերը, որոնք կնքվել էին  Ռուսաստանի և Կանադայի պաշտպանության նախարարությունների միջև։ Պատճառը ՌԴ զինված ուժերի զինծառայողների և ռազմական տեխնիկայի առկայությունն է Ուկրաինայի տարածքում։

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը

Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը

Ինչպես հաղորդում է ամերիկյան CNN լրատվական գործակալությունը, նման հայտարարությամբ հանդես է եկել Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը։ Նրա խոսքերով՝ սառեցված պայմանագրերի շարքում են համատեղ զորավարժությունների և ՊՆ մակարդակով հանդիպումներին վերաբերող համաձայնագրերը։

Կանադայի որոշմանը վարչապետը բավականին կոշտ բացատրություն է տվել՝ հավաստիացնելով, որ Ուկրաինայի նկատմամբ ՌԴ-ի ներկայիս գործողություններն ուղիղ համեմատելի են ֆաշիստական Գերմանիայի քայլերի հետ։ Հարփերը վկայում է, որ ՌԴ-ն փաստացի որոշում է ընդունել Ուկրաինայի նվաճման և բռնազավթման մասին՝ առաջնորդվելով «էթնիկ փոքրամասնությունների վրա գերիշխելու նկրտումներով»։ Այսպիսի պահվածքը, համաձայն Հարփերի, կհանգեցնի ՌԴ-ի վերջնական մեկուսացմանը։

Նկատենք, որ դեռևս մարտի 2-ին Կանադան ՌԴ-ից հետ էր կանչել իր արտակարգ ու լիազոր դեսպանին։

Հիշեցնենք, որ օրերս ՌԴ-ի հետ ռազմական համագործակցության մասնակի կասեցման վերաբերյալ որոշում էր ընդունել նաև ԱՄՆ-ն։

Հավելենք, որ ՌԴ-ի ու Արևմուտքի հարաբերությունները սրվել են, երբ ՌԴ Դաշնությունների խորհուրդը 2014-ի մարտի 1-ին որոշել էր ընթացք տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմանը Ուկրաինայի բնակիչ ռուսների և Ուկրաինայում ՌԴ քաղաքացիների անվտանգության ապահովման նպատակով զորքեր մտցնելու վերաբերյալ։ Մի քանի պետություններ սառեցրել են Սոչիում անցկացվելիք G8 գագաթաժողովին նախապատրաստությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *