Ուկրաինայի ղրիմյան դասերը

Անցյալ տարվա օգոստոսին  Ուկրաինան  հայտարարեց, որ հրաժարվում է պարտադիր զորակոչից ու անցնում պայմանագրային բանակի, իսկ 2013-ի աշնանային զորակոչն էլ վերջինն է լինելու։ Եթե այն ժամանակ ինչ-որ մեկն ասեր, որ ուղիղ կես տարի անց ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով երկրում զինակոչ է հայտարարվելու, նրան խելագար կհամարեին։

Բայց այդ օրը եկավ։ Այն, ինչ այսօր կատարվում է Ուկրաինայում և մասնավորապես Ղրիմում, ֆորմալ առումով ռուս-ուկրաինական պատերազմ կարելի է համարել, սակայն խոստովանենք, որ այն չափազանց տարօրինակ պատերազմ է, և հավակնում է մարդկության պատմության ամենաԱՆարյունալի պատերազմի կոչմանը։

Նշենք միայն, որ այս հոդվածում մենք չենք անդրադառնում վերջին զարգացումներին նախորդած քաղաքական իրադարձություններին, այլ կենտրոնանում ենք դրանց զուտ ռազմական բաղադրիչի վրա ու քննարկում ենք դրանից բխող դասերը։

Ներխուժումը Ղրիմ

Փետրվարի 27-ին տեղեկություններ հայտնվեցին, որ անհայտ զինված անձինք գրավել են Ղրիմի Ինքնավար Հանրապետության խորհրդարանի ու կառավարության շենքերը, ինչպես նաև Սևաստոպոլի և Սիմֆերոպոլի օդանավակայանները։

Ղրիմում կառավարության շենքի գրավումը – 27.02.2014

http://www.youtube.com/watch?v=wWGluhvL7JI

 

Հաղորդվում էր, որ զինյալները թեպետ և համազգեստով են, սակայն չունեն տարբերանշաններ, հարցերին էլ չեն պատասխանում։ Արդյունքում նրանց ինքնության մասին սկսեցին հնչել տարաբնույթ մեկնաբանություններ մինչ այն պահը, երբ համացանցում հայտնվեցին առաջին լուսանկարները։ Չնայած տարբերանշանների բացակայությանը՝ զինյալների ինքնության հարցը պարզապես ոգեշնչման աղբյուր դարձավ բազմաթիվ կատակների, դեմոտիվատորների ու «քաղաքավարի մարդիկ» (ռուս. «вежливые люди») մեմի համար, որովհետև լուսանկարներից երկու բան միանգամից ակնհայտ դարձավ.

ա. դրանք կանոնավոր ստորաբաժանումների մարտիկներ են,

բ. նրանց հագին ռուսաստանյան բանակի նոր դաշտային համազգեստն է։

Իրավիճակի ամբողջ զավեշտն այն է, որ նույնիսկ այսօր այդ մարտիկներին բոլորը, այդ թվում և «պաշտոնական Կիևը», շարունակում են անվանել «անհայտ զինված մարդիկ»։ Ըստ այդմ, Ռազմ.ինֆոն էլ մոդայից հետ չմնալով կձևացնի, թե չգիտի, թե ովքեր են ռուսական բանակի համազգեստով և ռուսական բանակի «Տիգր» զրահամեքենաներով Ղրիմով շրջող այդ մարտիկները։ Տուրք տալով համացանցային հումորին՝ մենք նույնպես նրանց կանվանենք «քաղաքավարի մարդիկ»։

 

Ռուսական բանակի «Պեչենեգ» գնդացրով զինված, ռուսական համազգեստով անհայտ պատկանելիության մարտիկ Ղրիմում։

Պիտի նշել նաև «քաղաքավարի մարդկանց» պրոֆեսիոնալ բարձր մակարդակը։ Նրանք բավականին արագ իրենց հսկողության տակ վերցրեցին կամ շրջափակեցին Ղրիմի առավել կարևոր ռազմավարական ու ադմինիստրատիվ նշանակության օբյեկտները՝ զրկելով այնտեղ գտնվող ուկրաինացի ոստիկաններին և զինվորականներին դիմադրության որևէ իրական հնարավորությունից։

«Քաղաքավարի մարդիկ» հսկում են Սիմֆերապոլի օդանավակայանը – 28.02.2014

http://www.youtube.com/watch?v=dM2uuDJ_QvI

«Քաղաքավարի մարդկանց» լուսանկարների հետ զուգահեռ փետրվարի 28-ին համացանցում հայտնվեց նաև երկու տեսագրություն, որոնցում կարելի էր հաշվել մոտ 10 ուղղաթիռ։ Համաձայն տեսագրությունների նկարագրությունների` դրանցից մեկի կադրերն արվել էին Սևաստոպոլի «Բելբեկ» օդանավակայան տանող ճանապարհին, իսկ մյուսը՝ Ղրիմի Պեսչանոե գյուղի մոտակայքում։ Ուղղաթիռների պատկանելությունը կադրերից հստակ հասկանալի չէր, բայց ռուսական բլոգոլորտում շատ արագ կոնսենսուսային եզրակացություն ձևավորվեց, որ ուկրաինական ռազմաօդային ուժերը հազիվ թե ի վիճակի լինեին Ղրիմում միաժամանակ օդ բարձրացնել 10 ուղղաթիռ։

Այն ժամանակ այդ եզրակացությունը մեզ չափազանցացված թվաց, սակայն, ինչպես ցույց տվեցին հետագա իրադարձությունները, ուկրաինական ռազմաօդային ուժերի տեխնիկական վիճակի մասին ռուս բլոգերների թերհավատությունն իրականությունից այնքան էլ հեռու չէր։ Այդ մասին կխոսենք ստորև։

Ուղղաթիռները «Բելբեկ» օդանավակայանի ճանապարհին – 28.02.2014

Ուղղաթիռները Պեսչանոե գյուղի մոտ – 28.02.2014

http://

 

Ավելի ուշ՝ մարտի 2-ին, ցանցում հայտնվեց նաև 11 ուղղաթիռներով մեկ այլ տեսագրությունը, որը թվագրված էր փետրվարի 28-ով։ Բացառված չէ, իհարկե, որ սրանք տարբեր խմբեր էին, բայց ամեն դեպքում գործնականում այդ տեսագրությունն ապացուցեց, որ ուղղաթիռները չեն կարող պատկանել Ուկրաինայի օդուժին։ Նախ տեսագրությունն արված էր Կերչի նեղուցի շրջանում։ Բացի այդ, դատելով չհեռացված շասսիից, ինչպես նաև հիմնական և ուղղորդող պտուտակների թևերի քանակից, դրանք ոչ թե խորհրդային արտադրության Մի-24, այլ ռուսաստանյան արտադրության Մի-35Մ ուղղաթիռներ էին, որոնցից Ուկրաինան չունի։

Ուղղաթիռները Կերչի նեղուցի շրջանում։ Կադրերում հստակ երևում են Մի-36Մ ուղղաթիռները – 28.02.2014

Ուղղաթիռների պատկանելիության հարցն էլ մինչև այսօր «համարվում է» անհայտ։ Իսկապես՝ Մի-35Մ ուղղաթիռներ ունեն Ռուսաստանը, Ադրբեջանը, Բրազիլիան և Վենեսուելան, ի՞նչ իմանաս, թե ում էին պատկանում Կերչի նեղուցի վրայով Ուկրաինա մտնողները։ Գուցե վենեսուելակա՞ն էին։ Կարող ենք միայն ենթադրել, որ ուղղաթիռները նույնպես քաղաքավարի են։ Համենայն դեպս, հակառակն ապացուցող տվյալներ հայտնի չեն։

Եվ վերջապես, մարտի 1-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը դիմեց ՌԴ Դաշնային խորհրդին «Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի կիրառումը թույլատրելու» խնդրանքով։ Խնդրանքը նույն օրը միաձայն բավարարվեց։ Հաջորդող օրերին ռուսական կողմից Ուկրաինա մտնելու մասին որևէ պաշտոնական հաղորդագրություն չեղավ և Ղրիմում իրավիճակը շարունակում են հսկել անհայտ պատկանելիության «քաղաքավարի մարդիկ»։

Ուկրաինական բանակը

Ինչպես և կարելի էր ակնկալել, մարտի 1-ին ՌԴ դաշնային խորհրդի որոշումից հետո Ուկրաինայի զինված ուժերը բերվեցին մարտական պատրաստության աստիճանի։ Ավելին, Կիևը հայտարարեց զինակոչի մասին։ Ճիշտ է, համաձայն որոշ տվյալների՝ զինակոչը չափազանց դանդաղ է ընթանում։ Ցավոք այս տեղեկությունները ստուգելն այսօր դժվար է և չենք բացառում, որ սա ուղղակի ռուսական քարոզչություն է, բայց եթե այնուամենայնիվ այդ տվյալները ճիշտ են, ապա դա կարող է երկու պատճառ ունենալ.

  1. Ուկրաինայում կես տարում հասցրել են ոչնչացնել մոբիլիզացիոն ամբողջ ենթակառուցվածքը, այդ թվում և պարտադրելու մեխանիզմները։
  2. Պատերազմելու ցանկություն Ուկրաինայի քաղաքացիների մեծ մասի մոտ չկա։

Ամեն դեպքում, անկախ զինակոչի ընթացքից, արդեն մարտի 1-ին լուրջ կասկածներ կային, որ ուկրաինական բանակն ի վիճակի կլինի ինչ-որ բան ձեռնարկել։ Նախ, ինչպես վերը նշվեց, դրանից 2 օր առաջ անհայտ ուղղաթիռներն արդեն խախտել էին Ուկրաինայի օդային տարածքը ու չէին հանդիպել երկրի հակաօդային պաշտպանության որևէ հակազդեցության։ Էլ չխոսենք «քաղաքավարի մարդկանց» գործողություններին հակազդելու մասին։

Երկիրը զինված ներխուժումից պաշտպանելու փորձի մեզ հայտնի եզակի դեպքերից մեկը մարտի 1-ին ուկրաինական օդուժի Սու-27 կործանիչների տագնապով օդ բարձրանալն էր, սակայն դա էլ, ըստ էության, միայն ցուցադրական քայլ էր։

 

Ուկրաինական օդուժի տագնապով օդ բարձրացած Սու-27 կործանիչը։ 01.03.2014

http://razm.info/wp-content/uploads/2014/03/131421-480×324.jpg

Բնական հարց է առաջանում. ի՞նչն է պատճառը, որ Եվրոպայի ամենամեծ բանակներից մեկը ոչինչ չի ձեռնարկում երկիրը զինված ներխուժումից պաշտպանելու համար։ Դրա համար կան մի շարք պատճառներ.

1. Ո՞ւմ ենթարկվել

Բանակն ինքնուրույն գործող կառույց չէ, այն կատարում է երկրի բարձրագույն ռազմական ղեկավարության հրամանները։ Բայց ո՞վ է այսօր Ուկրաինայում այդ բարձրագույն ռազմական ղեկավարությունը։ Վիկտոր Յանուկովի՞չը, ներկայիս «պաշտոնական Կի՞ևը», թե տեղական ինքնակառավարման մարմինները։

Առաջինը դեռևս ունի ֆորմալ լիազորություններ, քանի որ Ուկրաինայի Ռադան նրան պաշտոնանկ անելու ժամանակ չի պահպանել օրենքով սահմանված ընթացակարգերը։ Սակայն Ուկրաինայում այսօր հազիվ թե մեկը գտնվի, ով կնայի թուլամորթ և արդեն փաստացի իշխանություն չունեցող Յանուկովիչի կողմը։

Իսկ փաստացի իշխանությունը երկրի տարբեր շրջաններում պատկանում է կամ նոր կենտրոնական իշխանություններին կամ տեղական ադմինիստրացիաներին։ Ընդ որում` երկուսն էլ ֆորմալ առումով բանակին հրահանգներ տալու լիազորություններ չունեն։

2. Ուկրաինական բանակի սպայակազմի մի զգալի մասը ռուսներ են կամ ռուսախոս, ինչն էապես նվազեցնում է հավանականությունը, որ նրանք վերադասից հստակ հրամանների (կամ հենց այդ վերադասի) բացակայության պայմաններում սեփական նախաձեռնությամբ ինչ-որ քայլեր կձեռնարկեն ռուսական ստորաբաժանումների դեմ։

3. Ուկրաինական բանակը, ըստ ամենայնի, ընդհանրապես պատրաստ չէր, որ կարող է իրական անհրաժեշտություն առաջանալ պաշտպանելու երկրի սահմանները։ Այնպիսի տպավորություն է, որ երկրի գլխավոր շտաբում նույնիսկ չի եղել գործողությունների պլան, էլ չխոսենք այդ պլանը զորավարժությունների ժամանակ փորձարկելու մասին։

4. Ուկրաինական բանակը տեխնիկապես պատրաստ չէր պատերազմելուն։ Վերևում արդեն հիշատակել ենք, որ Ղրիմի երկնքում հայտնված ուղղաթիռների ուկրաինական պատկանելիությունը հենց սկզբից կասկածի տակ էր դրվել ռունետում այն պատճառաբանությամբ, որ Ուկրաինան հազիվ թե կարողանա Ղրիմում 10 ուղղաթիռ օդ հանել։

Որքան էլ սա անհավատալի թվա, բայց կարծես թե այդ սկեպտիցիզմը մոտ է իրականությանը։ Օրինակ՝ այսօր տեղեկություններ հայտնվեցին այն մասին, որ Ղրիմում տեղակայված 204-րդ ավիաբրիգադը անցել է Ղրիմի իշխանությունների ենթակայության տակ։ Ավիաբրիգադը զինված է 45 ՄիԳ-29 կործանիչներով և 4 Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով։ Այնուամենայնիվ այդ ամբողջ տեխնիկայից, ըստ հաղորդագրությունների՝ սարքին են միայն 4 կործանիչ և 1 ուսումնամարտական ինքնաթիռ։

Հասկանալի է, որ տեխնիկայի 10%-ից էլ ցածր պատրաստության պայմաններում առանձնապես չես պատերազմի։ Ընդ որում, այս խնդիրն ըստ ամենայնի համատարած է և չի կրում եզակի բնույթ։

5. Եվ վերջապես հստակ հրահանգների ու գործողությունների պլանի բացակայության պայմաններում յուրաքանչյուր զորամասը ինքն իր հույսին էր թողնված։ Ղրիմի զորամասերը ունեն տարբերակ.

ա. մարտի բռնվել «քաղաքավարի մարդկանց» հետ,

բ. հանձնվել և անցնել Ղրիմի իշխանությունների ենթակայության տակ,

գ. անցնել պասիվ պաշտպանության

Առաջին սցենարն ինքնասպանություն է։ Ինչպես նշեցինք, «քաղաքավարի մարդիկ» գործում են բավականին պրոֆեսիոնալ։ Ուկրաինական զորամասերը շրջափակված են և ըստ էության իրենց իսկ զորանոցներում թակարդի մեջ են։ Կոնֆրոնտացիայի ցանկացած փորձի միակ հնարավոր ելքն ուկրաինական զորամասի ջախջախումն է։

Երկրորդ սցենարն ըստ էության դավաճանություն է Ուկրաինային տված զինվորական երդմանը։ Որոշ զորամասեր հենց այդպես էլ վարվեցին։ Վերևում արդեն նշեցինք 204-րդ ավիաբրիգադի մասին։ Բացի այդ, Ղրիմի իշխանություններին մարտի 2-ին երդում էր տվել նաև Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Դենիս Բերեզովսկին, ում նախօրեին այդ պաշտոնին նշանակել էին Կիևի իշխանությունները։

Եվ վերջապես երրորդ սցենարը, որը ստեղծված իրավիճակում ուկրաինացի սպաների համար ամենապատվաբեր տարբերակն է։ Խնդիրն այն է, որ այդպես չի կարող անվերջ շարունակվել ու վաղ թե ուշ պասիվ պաշտպանության անցած զորամասերը ստիպված կլինեն ընտրություն կատարել «ա» և «բ» տարբերակների միջև։

Հետևություններ

Ուկրաինան հերթական անգամ ապացուցեց դեռ Հին Հռոմում ձևակերպած այն պարզ ճշմարտությունը, որ եթե ցանկանում ես խաղաղ ապրել, պիտի պատրաստվես պատերազմի։ Եվրոպայի ամենամեծ բանակներից մեկը պարտվում է պատերազմում առանց նույնիսկ մեկ կրակոց արձակելու։ Ընդ որում բացառված չէ, որ հակամարտությունը վերջանա տարածքային զգալի կորուստներով կամ նույնիսկ Ուկրաինա պետության քաղաքական քարտեզից վերանալով։

Ուկրաինական դեպքերը նաև ցույց տվեցին «միջազգային երաշխիքների» իրական գինը։ Միջուկային զենքից հրաժարվելու դիմաց այդ երկրին անվտանգության ամենաբարձր մակարադակով երաշխիքներ էին տրվել, այդ թվում` Ռուսաստանի կողմից։ Այս մասին միշտ պիտի հիշել «հող միջազգային երաշխիքների դիմաց» առաջարկները լսելիս։

Հաջորդ դասը, որը պիտի քաղել, դա այն է, որ այսօրվա լավ հարաբերությունները երաշխիք չեն վաղվա համար։ Այո, Ռուսաստանի ներխուժումը Ուկրաինա կես տարի, նույնիսկ 3 ամիս առաջ խելահեղություն կհամարեին։ Այսօր դա իրականություն է։

Այս իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ չի կարելի բարեհոգի ու հանգիստ լինել ո´չ այսօրվա բարեկամների, ո´չ էլ առավել ևս թշնամիների հարցում։ Բոլոր խոսակցությունները, թե «աշխարհում 21րդ դարն է, նշանակում է Ադրբեջանը կամ Թուրքիան չեն համարձակվի հարձակվել Հայաստանի վրա», պիտի խստորեն կասեցվեն։

Եվ վերջապես՝ պատասխանելով մեր ընթերցողներից սպասվող այն հարցին, թե. «Հնարավո՞ր է արդյոք, որ մի օր էլ ռուսներն այսպիսի օյին մեր գլխին խաղան», ասենք, որ այո, միանգամայն հնարավոր է։ Ու խնդիրն այստեղ ռուսների վատ կամ լավ լինելը չէ. այդպիսին է աշխարհի իրականությունը։ Հիշենք թեկուզ, որ իրաքյան առաջին պատերազմից առաջ Իրաքն ԱՄՆ դաշնակիցներից էր համարվում Իրանի դեմ պայքարում։ Ինչը, ի դեպ, չխանգարեց, որ Վաշինգթոնը միջնորդների օգնությամբ սպառազինություն մատակարարեր Իրանին։

 

-Իմ ֆյուրեր, երազումս տեսնում էի, որ Ռուսաստանը հարձակվել է  Ուկրաինայի  վրա, իսկ Գերմանիան պահանջում է դադարեցնել պատերազմը։

Ուկրաինայի  իրադարձությունները ևս մեկ անգամ ապացուցում են, որ մարտունակ բանակ և զինակոչի պատրաստ պահեստազոր չունեցող պետությունը նույնիսկ համեմատաբար խաղաղ տարածաշրջանում կարող է արագորեն զրկվել միջազգային թատերաբեմում դերակատարի կարգավիճակից՝ դառնալով ընդամենը խաղաքար ավելի հզոր հարևանների աշխարհաքաղաքական խաղերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *