Ռուսաստանն իր ՄիԳ-31 որսացող կործանիչի հիմքի վրա նախատեսում է ստեղծել նոր ՄիԳ-41 ինքնաթիռ։ Նման որոշում կայացրել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբը։ ԳՇ պետն արդեն ստորագրել է ուսումնահետազոտական աշխատանքներ սկսելու մասին փաստաթուղթ։
Նկարը՝ ԻՏԱՌ_ՏԱՍՍ լրատվական գործակալության
Այս մասին ռուսաստանյան լրագրողներին է հայտնել ՌԴ Պետկոմիտեի պաշտպանական հանձնաժողովի ներկայացուցիչ, պատգամավոր Ալեքսանդր Տարնաևը։
Տարնաևը նշել է նաև, որ ռուսական ռազմաօդային ուժերում վերանորոգվելուց հետո շահագործումը կշարունակի ՄիԳ-31 կործանիչների մի քանի տասնյակ։
Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի ապրիլի կեսերին Բոնդարևը հայտարարել էր՝ ՄիԳ-31 կործանիչների արդիականացման համար ՌԴ ռազմական բյուջեն պետք է տրամադրի 1 մլրդ 500 հազար դոլար, քանի որ ինքնաթիռը տեխնիկապես հնացել է։ Անհրաժեշտ է փոխել դրա նավիգացիոն համակարգն ու սպառազինությունը։ Փորձարարական-կոնստրուկտիվ աշխատանքներն այս ուղղությամբ գնահատվում են մոտ 74 մլն 300 հազար դոլար։
Հավելենք, որ ՄիԳ-31 ինքնաթիռը ստեղծվել է 1970-ականների կեսին։ Այն տրամադրվել է ԽՍՀՄ ՌՕՈւ-ին 1981-ին։ 1994-ին կործանիչների սերիական արտադրությունը կասեցվել է։ Ներկա դրությամբ Ռուսաստանի ԶՈւ-ն ունի 190 միավոր այդպիսի ինքնաթիռ, որոնց մի մասը պետք է արդիականացվի մինչև ՄիԳ-31ԲՄ տարբերակի։ Մինչև 2020-ը նախատեսվում է արդիականացնել 60 միավոր ՄիԳ-31։
ՄիԳ-31-ը երկտեղանոց գերձայնային որսացող կործանիչ է։ Բացում է մինչև 3000 կմ/ժ արագություն, մարտական ազդեցության շառավիղը 720 կմ է։ Ունակ է թիրախներ հայտնաբերել մինչև 280 կմ-ի վրա, զինված է 23 մմ տրամաչափի հրանոթով։
Այս կործանիչը նախատեսված է փոքր, միջին և մեծ թիրախների ոչնչացման համար։ Կարողանում է աշխատել կեղծ թիրախների և հակառակորդի ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ ռադիոխանգարումների պայմաններում։