Իրադրությունը Ղրիմում. մարտի 3. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, վերջին օրերին լարվածությունը տեղափոխվել է Ղրիմ, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը։

Արդյունքում Ղրիմում նկատվում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումներ, իսկ Ուկրաինան բանակը բերում է մարտական պատրաստության աստիճանի։

Ստեղծված իրավիճակին ավելի լավ հետևելու համար առաջարկում ենք թարմացվող լրահոսը, որտեղ գրի են առնվում ամենաթարմ ու հրատապ տեղեկություններն «առաջին գծից»։

Ղրիմ
17։00- Ռուսական «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի 204-րդ կործանիչային ավիաբրիգադը, որը զինված է ՄիԳ-29 կործանիչներով ու Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռներով, այլևս չի ենթարկվում Ուկրաինայի կենտրոնական իշխանության հրահանգներին և կամավոր անցել է Ղրիմի ենթակայության ներքո։ Ընդ որում, Ղրիմի իշխանություններին աջակցություն են հայտնել ավիաբրիգադի 800 զինծառայողներ՝ Ղրիմին տրամադրելով ռազմակայանում տեղակայված 45 կործանիչները, 4 ուսումնամարտական ինքնաթիռները։ Այսպիսով, ընդհանուր առմամբ Ղրիմի իշխանությունների տրամադրության տակ են 6 հազար զինծառայողներ։
Այնուհանդերձ, ըստ աղբյուրի՝ 45 ՄիԳ-29-երից ու 4 Լ-39-երից սարքին են միայն 4 կործանիչներ և 1 ուսումանամարտական ինքնաթիռ։

***
14։40-ՌԴ արտաքին գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ներկայումս իրենք տեղեկություններ են ստացել՝ Ուկրաինայի տարածքում ռուսաստանյան Սևծովյան նավատորմի դեմ սադրանքներ են նախապատրաստվում։ Լավրովը շեշտել է. «Նման պայմաններում Ղրիմի՝ օրենքով ընտրված իշխանությունները դիմել են ՌԴ նախագահին Ղրիմի ինքնավար հանրապետությունում բնականոն հանգիստ իրավիճակը վերականգնելու հարցում օգնելու խնդրանքով։ Դաշնությունների խորհուրդը հաստատել է օգնություն ցուցաբերելու մեր մտադրությունը, մենք էլ օրենքի սահմաններում պահպանում ենք մեր հայրենակիցների և մեր քաղաքացիների անվտանգությունը։ Ովքեր Սևծովյան նավատորմի գործողությունները բնութագրում են որպես ագրեսիա, սպառնում արգելքներով ու բոյկոտներով, նույն մեր գործընկերներն են, որոնք նպաստեցին Ուկրաինայի հարավի և արևելքի միջև երկխոսության կասեցմանը»։

***
14։30-Ուկրաինական «Մորե» («Море») ավիաշինական գործարանը 2014-ի մարտի 1-ին հրատապ կերպով Չինաստան է ուղարկել այդ երկրի համար կառուցված 958 «Բիզոն» (ուկր.՝ «Бизон») նախագծի երկրորդ փոքր դեսանտային նավը: Ուկրաինական կողմը զգուշանում էր ռուսական զորքերի՝ Ուկրաինայի տարածքում հավանական մարտական գործողությունների դեպքում նավի առգրավումից կամ վնասումից։

***

14։20-Ուկրաինայի ներքին գործերի նախարության պաշտոնական կայքում հետախուզում է հայտարարվել Ուկրաինայի՝ իշխանությունից հեռացված նախագահ Վիկտոր Յանուկովիչի նկատմամբ։ Նա մեղադրվում է 2 և ավել մարդու դիտավորյալ սպանության համար։ Նշվում է, որ Յանուկովիչը հետախուզման մեջ է փետրվարի 26-ից։

***

11:20-Մարտի 2-ին համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Լեհաստանի զինված ուժերի զրահամեքենաների շարասյունները շարժվում են դեպի Ուկրաինայի հետ սահմանամերձ շրջաններ։ Թեև պաշտոնական շրջանակները հաղորդում են, որ զորքերի տեղաշարժը նախօրոք ծրագրված զորավարժության շրջանակներում է, սակայն կարծիքներ կան, որ իրականում Վարշավան զորքերը տեղափոխում է Ուկրաինային մոտ՝ տեղում ստեղծված իրավիճակի պատճառով։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *