Ներկայացվել են Իրանի ռազմական արդյունաբերության նոր ձեռքբերումները։ Իրանը սպառազինության մատակարարման որևէ համաձայնագիր չի կնքել Իրաքի հետ։ ԱՄՆ-ի կողմից ռազմական հարձակման ենթարկվելու դեպքում, Իրանն ունի երկրի պաշտպանության հստակ պլան։ Իրանում վերլուծել են իսրայելական օդուժի գործողություններն ու մարտավարությունը։ Զորավարժություններ Կասպից ծովում և Բասիջ ռազմականացված ոստիկանությունում։
” Իրանի ռազմածովային ուժերի 29-րդ նավատորմիղը Կարմիր ծովում կասեցրել է իրանական առևտրային նավերի վրա իրականացված ծովահենական հարձակումը։ Միջադեպը գրանցվել է փետրվարի 22-ի առավոտյան։
” Իրանը մշակել է բալիստիկ հրթիռների նշանառման ինտելեկտուալ համակարգ, որը հնարավորություն կտա զգալիորեն բարձրացնել թիրախների ճշտգրիտ խոցումը։ Ներկայացվել է նաև իրանական մշակման զրահի նոր նմուշ, որը նախատեսված է փոխադրամիջոցների անվտանգության ապահովման համար։
” Փետրվարի 24-ին Ռոյթերս գործակալությունը հրապարակեց նյութ, որը հաստատում էր իրանական լրատվամիջոցներում ավելի վաղ հայտնված տեղեկությունը, թե Իրանը սպառազինության մատակարարման պայմանագիր է կնքել Իրաքի հետ։ Համաձայն Ռոյթերսի հրապարակած փաստաթղթի՝ Իրանն ու Իրաքը 2013-ի նոյեմբերի վերջին կնքել են 195 միլիոն դոլար ընդհանուր արժողությամբ թվով 8 համաձայնագիր։ Նշենք, որ Իրանը պաշտոնապես հերքում է այս տեղեկությունը։
” Իրանից պահանջվեց 3 տարի՝ ԱՄՆ-ի հարձակման դեպքում, երկրի պաշտպանության իրականացման պլանի պատրաստման համար։ Այս մասին հայտարարել է Իրանի քաղաքացիական պաշտպանության կազմակերպության ղեկավարը։ Նա նշել է, որ այդ պլանի հիմքում դրված է ուժերի հավասարաչափ բաշխումն ու կուտակումներից խուսափումը, դրանց՝ հեշտ թիրախ դառնալու բացառման նպատակով։
” Իրանում հանգամանորեն վերլուծել են 2006-ի լիբանանյան պատերազմի ընթացքում իսրայելական օդուժի իրականացրած գործողություններն ու կիրառած մարտավարությունը։ Արդյունքում փոխվել է երկրի կարևորագույն նշանակության օբյեկտների պահպանության ռազմավարությունը։
” Փետրվարի 25-ին Իրանի էլեկտրոնային արդյունաբերության կազմակերպությունը պաշտպանության նախարարությանը ներկայացրել է թվով 21 նոր ռադիոտեղորոշիչ կայան, այդ թվում նաև՝ նախատեսված հեռահար հայտնաբերման համար։
” Իրանը Պակիստանի հետ համատեղ անցկացնում է գերևարված իրանցի սահմանապահների ազատ արձակման գործողություն։ Վերջինիս անցկացման մասին որոշումն ընդունվել է Պակիստանի Քվեթթա քաղաքում կայացած իրանա-պակիստանյան համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում։
” Կասպից ծովում Իրանն անցկացրել է զորավարժություն, որի գլխավոր նպատակը ճգնաժամային իրավիճակների կանխարգելումն էր։ Զորավարժությանը մասնակցել են երկրի ռազմածովային ուժերը, ոստիկանությունը, Կարմիր մահիկի կազմակերպությունն ու Իրանի նավագնացության վարչությունը։
” Բասիջ անվանումը կրող Իրանի ռազմականացված ոստիկանությունը անցկացրել է Բեյթ ալ-Մուքադդաս անվանումը կրող երկօրյա զորավարժություն, որում ներգրավված են եղել տասնյակ գումարտակներ, ինչպես նաև զինտեխնիկա։ Փետրվարի 26-ին մեկնարկած վարժանքներն անցկացվել են Թեհրանի, Քումի, Հյուսիսային և Հարավային Խորասանի ու մի շարք այլ շրջաններում։
” Իրանի նախագահ Հասան Ռոուխանին այցելել է ռազմածովային ուժերի՝ Հորմուզի նեղուցի ափին տեղակայված Բենդեր-Աբբասիե ռազմակայան։ Այցի ընթացքում երկրի նախագահին ցուցադրվել են ռազմակայանի սպառազինությունում առկա զինտեխնիկայի նմուշենրը։
Ռազմաշաբաթը նաև՝