ՀՀ ԶՈւ իրային ծառայության պատմության թանգարանը բացվել է 2011-ի մարտին ՀՀ ԶՈւ թիկունքի պետ, գնդապետ Նորայր Յոլչյանի նախաձեռնությամբ։ Թանգարանում ցուցադրվում են հայկական բանակի բոլոր համազգեստները՝ Տիգրան Մեծի ժամանակներից մինչև մեր օրերը։
Մայոր Կարեն Շահբազյանը, որ այն զորամասի հրամանատարի տեղակալն է, որի կազմում գործում է թանգարանը, պատմում է, որ թանգարանի ստեղծման նպատակը հայկական բանակի պատմությունն ավելի տեսանելի ներկայացնելն էր։
Համազգեստների էվոլյուցիան ներկայացված է ժամանակագրական հերթականությամբ։ Թանգարանում կան նույնիսկԱրտաշեսյանների թագավորության օրոք օգտագործված համազգեստների «պատճեններ», որոնց կողքին վերականգնել ու ցուցադրում են Հայաստանի Առաջին Հանրապետության բանակի սպաների, ավագների ու զինվորների համազգեստները, որոնք հայ զինծառայողները կրել են 1918-1920 թվականներին։
Այս համազգեստներին փոխարինել են խորհրդային բանակի համասգեստները, որոնք կրել են նաև ԽՍՀՄ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ։ Թանգարանում պահպանվել են այս համազգեստի ինչպես սպայական, այնպես էլ շարքային կազմի համազգեստները։
Այնուհետ ներկայացվում են անկախ Հայաստանի առաջին զինվորական համազգեստները։ Բաց գույնի այս հագուստը բոլորիս է հայտնի. այս համազգեստը հայկական բանակը կրել է Արցախյան պատերազմի ժամանակ։ Այն հայ կամավորականներին ժառանգություն էր մնացել խորհրդային բանակից։
Անկախության տարիների հենց սկզբից օգտագործվող այս համազգեստի հետ կիրառվում եր նաև ավելի մուգ գունավորմամբ մեկ այլ համազգեստ։ Սրանք միմյանց լրացնելով ապահովում էին զինված ուժերը տարբեր պայմաններում, մեկը՝ անտառային, մյուսը՝ լեռնային։
2010 թվականին վառ գունավորմամբ այս համազգեստի փոխարեն հայկական բանակն ընդունեց նոր համազգեստ, որն էլ ներկայումս հագնում են զորքերում։
Առավել բաց գունավորմամբ ու թվային (digital) նախշերով այս հագուստն, ըստ մայոր Կարեն Շահբազյանի, կատարելապես համապատասխանում է մեր պայմաններին։ Նրա խոսքով՝ համազգեստի այս ձևը վերցրել են հունական զինված ուժերից, սակայն հարմարեցրել են մեր պայմաններին։
Նոր համազգեստի վրա փոխվել են ոչ միայն գույներն ու նախշերը, այլև տարբերանշաններն ու դրանց տեղերը։ Նոր համազգեստի վրա զինվորական կոչումներն ուսերին ամրացնելու փոխարեն կպցնում են օձիքին, իսկ ձմեռային հագուստի դեպքում` կրծքավանդակի կենտրոնում։ Մայոր Շահբազյանի խոսքով` սա որևէ խնդիր չի առաջացնում, որովհետև զինծառայողներն արդեն սովոր են կոչումների նման դիրքերին։
Նոր համազգեստը բաղադրության շնորհիվ կարողանում է կարգավորել մարմնի ջերմաստիճանը. ձմռանն այն տաք է պահում, ամռանը` հով։
Նորամուծությունների շնորհիվ համազգեստը կրելն ավելի հեշտ է դարձել։ Գրպաններին տրվել է թեքություն, ու դրանց ուղղությունները հարմարեցվել են անկաշկամդ օգտվելու համար։ Թևքանշաններն ու կոչումներն ամրացվում են առանց կարելու, ինչի շնորհիվ զինծառայողները ստիպված չեն լրացուցիչ ժամանակ ծախսել։
Այս համազգեստը կիրառելու փորձը հաշվի առնելով` այն անընդհատ կատարելագործել են ու հատկապես բարձրացրել են կտորի որակը, սրա շնորհիվ հագուստն այլևս արագ չի մաշվում։
Մայոր Շահբազյանի խոսքով՝ շատ կարևոր է, որ այս բոլոր պարագաները՝ համազգեստից ու կոշիկներից սկսած մինչև կոկարդներն ու մյուս բոլոր տարբերանշաններն արտադրվում են հենց Հայաստանում։
Դաշտային համազգեստների կողքին թանգարանում ներկայացված են նաև սպայական անենօրյա ու տոնական հագուստներն ու նաև ռազմական ոստիկանության, ռազմական վարժարանի, պատվո պահակախմբի վաշտի համազգեստները։
Համազգեստներից բացի` թանգարանում ներկայացված են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության բոլոր գերատեսչական մեդալները։ Զորավար Անդրանիկի, Մարշալ Բաղրամյանի ու Վազգեն Սարգսյանի անունները կրող մեդալների կողքին ներկայացվում են նաև ՀՀ ԶՈւ 20-ամյակին նվիրված ու Անբասիր ծառայության համար տրվող մեդալները։ Այստեղ կան նաև Բանակի գերազանցիկ, Քաջարի մարտիկ ու Լավագույն զինվոր-մարզիկ մեդալները, որոնք տրվում են ավագները, սերժանտները, կուրսանտներն ու շարքայինները։
Առանձնապես հետաքրքիր է նաև հայկական զինված ուժերի տարբերանշանների ժամանակագրությունը։ Իրար կողք դրված թևքանշանների, կոկարդների ու կոչումների շարքերը նայելիս կարելի է տեսնել դրանց զարգացման ընթացքը։ Դրանք նույնպես փոփոխվել են համազգեստների հետ, իսկ ներկա պահին դրանց փոփոխություններ չեն սպասվում։
Pingback: ԵԼՔ լրատվական-վերլուծական կայք