Փետրվարի 27-ին ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել է ինչպես Աֆղանստանի հարցով ՆԱՏՕ-ի հրավիրած նիստերին, այնպես էլ Բելգիայում սումգայիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը։
Հայկական պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Աֆղանստանում ընթացող ՆԱՏՕ-ի ղեկավարած առաքելությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների և Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի պաշտպանական կարողությունների զարգացման ու կիբերանվտանգության հարցերին նվիրված նիստերին:
Նիստերի ընթացքում քննարկվել են 2014-ին ավարտվող ISAF առաքելությանը, ինչպես նաև 2015-ից նախատեսվող ՆԱՏՕ-ի նոր նախաձեռնություններին առնչվող հարցեր:
Այցի շրջանակներում փետրվարի 26-ին պատվիրակությունը մասնակցել է Բելգիայի Հայ դատի հանձնախմբի կողմից` ի հիշատակ սումգայիթյան ոճրագործության զոհերի ոգեկոչման արարողությանը։ Այն անցկացվել է Բրյուսելի կենտրոնական հրապարակներից մեկում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Բելգիայում ՀՀ դեսպան Ավետ Ադոնցն ու ՆԱՏՕ-ում ՀՀ առաքելության ղեկավար Արմեն Եդիգարյանը համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ միասին ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել հուշակոթողի առջև, փոխանցում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։