Թուրքիայի և Airbus Group ընկերության միջև խնդիրներ են ի հայտ եկել թուրքական օդուժի համար նախատեսված առաջին A400M ինքնաթիռի հանձնման և ընդունման հետ կապված։
Թուրքական կողմը ձգձգում է ինքնաթիռի ընդունման գործընթացը, իսկ եվրոպական կոնցերն էլ պնդում է, թե այն լիովին պատրաստ է, իսկ Անկարայի այս դիրքորոշումն անընդունելի է։
Օրերս Airbus Group-ի գործադիր տնօրեն Թոմաս Էնդերսը հայտարարել է, թե Թուրքիային տրամադրվել է նույն ինքնաթիռից, ինչ և Ֆրանսիայի զինված ուժերին, որն անմիջապես սկսել են շահագործել այն։ Էնդերսի խոսքերով՝ Թուրքիայի՝ ինքնաթիռի ընդունման հետ կապված խնդիրներ առաջացնելն անընդունելի է։
Ավելի ուշ հայտարարությամբ է հանդես եկել նաև Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարության ղեկավար Մուրադ Բայարը, ով պահանջել է Airbus Group-ից կատարել կնքված պայմանագրի բոլոր կետերը, ինչպես նաև հավելել, որ իրենք պատրաստվում են տուգանել ընկերությանն առաջին ինքնաթիռի ուշացման կապակցությամբ, տեղեկացնում է թուրքական «Զաման» պարբերականը։
Կողմերը չեն մանրամասնել, թե կոնկրետ ինչն է A400M-ի վերջնական հանձնմանը խանգարում։ Airbus-ը վերջնական փորձարկումների համար A400M ինքնաթիռը Թուրքիային էր տրամադրել դեռևս 2013-ի դեկտեմբերին։ Փորձարկումների ժամանակ հայտնի էր դարձել, որ ի հայտ են եկել որոշակի խնդիրներ, սակայն չէին հստակեցվում, թե ինչ տեսակի։
Թուրքիայի զինված ուժերն ընդհանուր ստանալու է 10 միավոր նորագույն ինքնաթիռներից, ինչի համար վճարելու է 1,5 մլրդ ամերիկյան դոլար։ Սպասվում է, որ A400M-երը Թուրքիային կփոխանցվեն առաջիկա 4 տարիների ընթացքում։
Թուրքական առաջին A400M-ը տեղակայվելու է Կայսերիի (Կեսարիա) 221-րդ ավիաբազայում։ Այն արդեն ստացել է հայտնի թուրք ըմբիշ Քոջա Յուսուֆի անունը։
Եվրոպական Airbus Military ընկերության արտադրած A400M Atlas բեռնատար ինքնաթիռն ունակ է տեղափոխել մինչև 37 տոննա բեռ կամ 116 մարդ, ինչպես նաև կարող է օդում լիցքավորել կործանիչներ և այլ ինքնաթիռներ։ Այն կարող է զարգացնել մինչև 790 կմ/ժ արագություն, թռիչքներ կատարել 9,3 հազար կմ հեռավորության վրա։
A400M ինքնաթիռների ստեղծման գործընթացը սկսվել է 2000-ականների սկզբին: Առաջին թռիչքը կատարել է 2009 թվականին։ Մեկ միավոր ինքնաթիռի մոտավոր արժեքն է 136 մլն եվրո։
Ինքնաթիռի ստեղծման աշխատանքներին և ֆինանսավորմանը մասնակցել են Ֆրանսիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իսպանիան, Լյուքսեմբուրգը, Բելգիան, Մալայզիան, ինչպես նաև Թուրքիան, որոնք էլ նախատեսում են ստանալ ընդհանուր 174 միավոր A400M: