ԱՄԷ-ն ներկայացրել է իր նոր ջրցան մեքենան

ԱՄԷ-ի International Armored Group (IAQ) ընկերությունը ներկայացրել է փողոցային անկարգությունների ճնշման համար նախատեսված ջրցան մեքենայի արդիականացված տարբերակը, որի արդիականացումն իրականացվել է հաշվի առնելով Ուկրաինայի ներքին բախումներին համանման տեխնիկայի կիրառման առանձնահատկությունները:

Ինչպես հաղորդում է Armyrecognition.com ռազմական լրատվակայքը, աշխարհի տարբեր երկրներում ներկայումս սկիզբ առած հակակառավարական ցույցերի արդյունքում նման տեխնիկայի պահանջարկն աճել է:

Նկատենք, որ Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում վերջին օրերին ցուցարարների դեմ օգտագործել են հիմնականում ոչ զրահապատ ջրցան մեքենաներ, որոնք չունեին կորպուսում և շասսիում հրդեհի մարման համակարգեր:

Դրանք հիմնականում ԿամԱԶ ավտոմեքենայի հիմքի վրա էին և ըստ էության պատրաստված չէին հրազենից կրակող և այրվող նյութերով շշեր նետող ամբոխին դիմակայելու: Այդ պատճառով էլ Ուկրաինայում ջրցան մեքենաների մեծ մասը շարքից դուրս է եկել, ներկայումս շահագործման ենթակա չէ, վնասվել են դրանց շարժական և արգելակման համակարգերը:

IAG-ի նոր ջրցան մեքենան ունի զրահապատ խցիկներ, որոնք ապահովում են անձնակազմի և շարժիչի անվտանգությունը հրազենից և բեկորային զենքերից։ Մեքենայի կորպուսի վրա ամրացված են հրդեհի մարման համակարգեր, որոնք էլ այրվող վառելանյութով շշերի նետման ժամանակ կանխարգելու են մեքենայի բոցավառումը։

Մեքենայի ստորին հատվածում ամրացված են հատուկ ծայրափողակներ, որոնց միջով անցնող ջուրն ու փրփուրը արգելակում են անիվների այրվելը։ Ջրցանի վրա տեղադրված է 280 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Մեքենայի ջրի պաշարը 14 հազար լիտր է։

Կարևոր է նշել, որ համանման ջրցանի կիրառւմը, ըստ ստեղծողների, թույլ է տալիս ուժային կառույցներին խուսափել ցուցարարների դեմ հրազեն, ձայնալուսային նռնակներ օգտագործելուց, ըստ այդմ էլ՝ զոհերի և տուժածների մեծ թվից՝ փոխարենն ավելի շատ հայտնվելով պաշտպանվողի դերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *