Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի ուսումնամարտական ինքնաթիռը փետրվարի 27-ին վթարի է ենթարկվել, որի հետևանքով մահացել են երկու օդաչուները:
Ինչպես հաղորդում է Defense News ռազմական լրատվակայքը, հղում կատարելով ԱՄԷ-ի WAM լրատվական գործակալությանը, միջադեպն արձանագրվել է ուսումնական ծրագրային թռիչքի ժամանակ, ինքնաթիռում եղել են օդաչուն և իր օգնականը:
Միջադեպի վայրում հետաքննական աշխատանքներ են ընթանում, որոնց տվյալների հիման վրա էլ կհաղորդվի ավիավթարի պատճառը:
Նկատենք, որ ինքնաթիռի մոդելը և միջադեպի հետ առնչվող այլ մանրամասներ չեն հաղորդվում:
Հավելենք, որ համանման միջադեպ էր գրանցվել ԱՄԷ ՌՕՈւ-ի մեկ այլ ուսումնամարտական ինքնաթիռի մասնակցությամբ 2013-ի հունիսի 16-ին, օդաչուն մահացել էր: ԱՄԷ-ն այդ ժամանակ էլ չէր հաղորդել օդաչուի անձնական տվյալներն ու ինքնաթիռի մակնիշը: