ԱՄՆ սահմանապահները հրաժարվել են նվազեցնել զենքի կիրառումը Մեքսիկայի հետ սահմանին

ԱՄՆ սահմանապահ ծառայությունը մերժել է առաջարկը, որն ուղղված էր իր աշխատանքի մեթոդների փոփոխությանը և ի հայտ էր եկել Մեքսիկայի հետ սահմանին սահմանապահների կողմից զենքի կիրառման դեպքերի ուսումնասիրությունից հետո:

Ինչպես գրում է The Los Angeles Times ամերիկյան պարբերականը, փորձագետները շուրջ 67 սահմանային միջադեպերի ուսումնասիրության համատեքստում երկու կարևոր առաջարկ են արել: Նախ կոչ են արել սահմանապահ ծառայության ղեկավար անձանց արգելել սահմանը հսկող աշխատակիցներին կրակ բացել սահմանախախտների ավտոմեքենաների ուղղությամբ: Երկրորդ առաջարկը ենթադրում է արգելք սահմանապահներին սահմանից իրենց վրա հաճախ քարեր շպրտող մեքսիկացիների ուղղությամբ կրակելու վրա:

Սահմանապահները կտրականապես հրաժարվել են նույնիսկ քննարկել այս առաջարկները՝ հավաստիացնելով, որ դրանք կհանգեցնեն իրենց անձնակազմի շարքերում մեծ կորուստների, քանի որ սահմանախախտների հարձակման թիրախը շատ հաճախ հենց սահմանապահներն են լինում: Գրեթե նույն կերպ են արձագանքել նաև ԱՄՆ սահմանապահների արհմիության անդամները՝ հավելելով, որ զենքի կիրառման նվազեցումը վատ հետևանքներ կունենա և կնպաստի մաքսանենգության աճին:

Այնուհանդերձ, փորձագետները պնդում են, որ սահմանապահները շատ դեպքերում հենց իրենք են հրահրում փոխհրաձգություն՝ կրակելով սահմանախախտների ավտոմեքենաների վրա, բացի այդ էլ քարեր նետող մեքսիկացիներից կարելի է պարզապես խուսափել, այլ ոչ թե կրակել, եթե սահմանապահները քարերի նետման ժամանակ սահմանային գծից փոքր-ինչ հեռու կանգնեն:

Հավելենք, որ ԱՄՆ սահմանապահները, որոնք ծառայություն են անցնում Մեքսիկայի հետ սահմանին, ծառայության ընթացքում բախվում են մի շարք բարդությունների և վտանգների հետ: Պատճառն այն է, որ այս սահմանով են անցնում փախստականների հոսքերը, կատարվում է թմրանյութերի ապօրինի շրջանառություն մեծ ծավալներով: Թմրաբիզնեսով և մաքսանենգությամբ զբաղվող սահմանախախտները հիմնականում զինված են լինում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *