Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնակցել է ՆԱՏՕ ISAF նիստին

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 26-ին մեկնել էր Բրյուսել: Փետրվարի 27-ին նա մասնակցել է ՆԱՏՕ-ի Անվտանգության աջակցության  միջազգային ուժերի (ISAF) նիստին:

Ինչպես հաղորդում է ՆԱՏՕ-ում Ադրբեջանի ներկայացուցչության մամուլի ծառայությունը, հանդիպման ժամանակ քննարկվել են ISAF-ի ուժերի ներկայիս գործունեությունը, 2014-ի վերջին Աֆղանստանի Անվտանգության ապահովման ազգային ուժերին լիազորությունների փոխանցումը, 2014-ից հետո Աֆղանստանի տարածքում ISAF-ի նոր առաքելության մանրամասները:

Զաքիր Հասանովը, ելույթ ունենալով նիստի ընթացքում, հերթական անգամ հաստատել է, որ Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները շարունակելու են ծառայությունն Աֆղանստանի տարածքում:

Նշենք նաև, որ նիստից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիային, Լատվիայի պաշտոնակից Ռայմոնդ Վեժոնիսին, ինչպես նաև Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գերագույն գլխավոր հրամանատար, գեներալ Ֆիլիպ Բրիդլավին:

Ադրբեջանի զինծառայողները ծառայություն են անցնում Անվտանգության աջակցության միջազգային ուժերի կազմում՝ սկսած 2002-ի նոյեմբերից։ Ներկայումս Ադրբեջանի ԶՈւ 94 զինծառայող պարեկություն է անում Աֆղանստանում՝ թուրքական ռազմաճամբարում՝ հսկելով մայրաքաղաք Քաբուլի հեռուստաաշտարակը, ինչպես նաև ISAF-ի զինանոցը։

Հավելենք, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերը ստեղծվել են ՄԱԿ ԱԽ N1386 բանաձևի շնորհիվ 2001-ի դեկտեմբերի 20-ին։ 2003-ի օգոստոսից ISAF-ի հրամանատարությունը ստանձնել է ՆԱՏՕ-ն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *